Նպատակ | ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի 2015-2018թթ. զարգացման քառամյա ծրագիրը (ՀԶՔԾ) մշակվել է՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) իրավասություններն ու լիազորությունները նրանց գործունեության բնագավառներում (ոլորտներում), ՀԶՔԾ-ի մշակման մեթոդաբանական առանձնահատկությունները և ծրագրային հիմքերը:Ներկայացվող ՀԶՔԾ-ն առաջիկա չորս տարիների համար հանդիսանալու է Թալին համայնքի զարգացման հիմնական փաստաթղթերից մեկը: Այն մշակվել է մասնակցային եղանակով՝ հաշվի առնելով համայնքի շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկությունները: Հարցումների միջոցով վեր են հանվել համայնքի բնակիչներին հուզող խնդիրները, դրանք գնահատվել են համայնքային ժողովի ժամանակ համայնքային ակտիվ խմբի կողմից և դասակարգվել ըստ առաջնահերթության: Վերհանված հիմնախնդիրների հիման վրա, ելնելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներից, համայնքի ղեկավարը համայնքի աշխատակազմի հետ միասին մշակել են համայնքի 2015-2018թթ. ՀԶՔԾ-ն, որը քննարկվել և հաստատվել է համայնքի ավագանու կողմից և դրվել է գործողության մեջ:Այն ներկայացնում է համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական և տնտեսական ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջություն, որը նախատեսում է ռազմավարական քաղաքականությամբ համայնքի խնդիրների արդյունավետ լուծում և նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացում: ՀԶՔԾ-ն ներառում է նաև Թալին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի բաղադրիչները: Թալին համայնքի ներդաշնակ և համաչափ զարգացման, Թալինի բնակիչների բարեկեցության ապահովման համար առաջիկա չորս տարիներին ընդունված ծրագիրը հանդիսանալու է համայնքի ամենօրյա փաստաթուղթը: ՀԶՔԾ-ի 1-ին բաժնում ներկայացվում է համայնքի սոցիալ-տնտեսական ընդհանուր և ոլորտային փաստացի իրավիճակի և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների բնութագրումը և վերլուծությունը: Բաժնում ներառվել է նաև համայնքի ՈՒԹՀՎ-վերլուծությունը՝ հիմնվելով համայնքի իրավիճակի վերլուծության ու գնահատման արդյունքների վրա և ձևակերպելով համայնքի ուժեղ և թույլ կողմերը, զարգացման ներքին ու արտաքին հիմնական հնարավորությունները, համայնքին սպառնացող հիմնական վտանգները: ՀԶՔԾ-ի 2-րդ բաժնում սահմանվում են համայնքի երկարաժամկետ տեսլականը, թե ինչպիսին ենք ցանկանում տեսնել մեր համայնքը ապագայում, ռազմավարությունը և սույն ՀԶՔԾ-ի հիմնական նպատակները: ՀԶՔԾ-ի 3-րդ բաժնում ներկայացվում են պետության և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համայնքում գալիք չորս տարիների ընթացքում նախատեսվող (շարունակվող) համագործակցության ուղղությունները: ՀԶՔԾ-ի 4-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ֆինանսական վիճակի վերլուծությունը, գնահատումը և կանխատեսումը՝ ըստ համայնքի բյուջեի եկամտային ուղղությունների (սեփական եկամուտներ, պաշտոնական տրանսֆերտներ, փոխառու միջոցներ)՝ դիտարկելով նախորդ երկու և գալիք չորս տարիների եկամտային ցուցանիշները: ՀԶՔԾ-ի 5-րդ բաժնում ներկայացված են համայնքի զարգացման ծրագրերը: Դրանք գնահատվել են ըստ սահմանված չափորոշիչների և սահմանվել են առաջնահերթություններ: Ամփոփ ձևով ներկայացվել են առաջնահերթ այն ծրագրերը, որոնք մոտավոր հաշվարկներով ակնկալվում է, որ հնարավոր կլինի իրականացնել կանխատեսվող ֆինանսական միջոցներով: Գալիք չորս տարիների ընթացքում իրականացման ենթակա ծրագրերը ձևակերպվել են՝ օգտագործելով ծրագրերի կազմման օրինակելի ձևը, ինչպես նաև ներկայացնելով ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները (համայնքի բյուջե, ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, այլ) և դրանց մոտավոր արժեքներն՝ ըստ գալիք չորս տարիների: ՀԶՔԾ-ի 6-րդ բաժնում ներկայացվում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների, հողամասերի օտարման քառամյա ծրագիրը:ՀԶՔԾ-ի եզրափակումում ներկայացվում են համառոտ մոտեցումներ՝ ՀԶՔԾ-ի իրականացման, վերահսկման և գնահատման, ծրագրերի իրականացման արդյունքների քննարկման, ՀԶՔԾ-ում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման գործընթացների վերաբերյալ:ՀԶՔԾ-ի հավելվածներ բաժնում գնահատվել և կանխատեսվել են համայնքի հիմնական ցուցանիշները՝ գալիք չորս տարիների կտրվածքով: |