Թալին համայնք
Թալին համայնքը խոշորացվել է 2022 թվականին, ներառում է 32 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։
Աշխարհագրական դիրքը 🏔️
Թալին համայնքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի հյուսիսարևմտյան հատվածում։ Համայնքը սահմանակցում է արևմուտքում՝ Ախուրյան գետով Թուրքիայի Հանրապետությանը, հյուսիսում՝ Շիրակի մարզին։ Համայնքի արևելյան և հարավարևելյան սահմանները ներմարզային են, իսկ հարավում սահմանակցում է Արմավիրի մարզին։ Համայնքի տարածքը սկսվում է մոտ 1200մ բարձրությունից և բարձրանում մինչև 3500մ Արագած լեռնազանգվածի գագաթնամերձ բարձրությունները՝ զբաղեցնելով Արագած հրաբխային լեռնազանգվածի լավային հոսքերով ծածկված՝ արևմտյան լեռնալանջերը՝ Թալինի և Կարմրաշենի սարավանդները։ Համայնքի ցածրադիր գոտու կլիման կիսաանապատային, խիստ չոր ցմաքային է։ Թալին համայնքն ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Համայնքի տարածքով են անցնում Գյումրի-Արմավիր-Երևան երկաթուղին, Երևան-Արմավիր-գյումրի, Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի ավտոմայրուղին։
Կենդանական և բուսական աշխարհը 🌳
Այստեղ բնորոշ է աղասեր, չորասեր վայրի բուսականությունը՝ օշինդր, օշան, ոզնափուշ և այլն։ Ջրամերձ մասերում տարածված են եղեգնուտները։ Տարածքին բնորոշ են թունավոր օձեր՝ Իժ, գյուրզա, կարիճ, մորմ, կրծողներ, գայլ, աղվես, նապաստակ, թռչուններից՝ ճնճղուկ, լորազգիներ, կաքավ և այլն։ Գոտուն բնորոշ են կիսաանապատային գորշ հողերը՝ հումուսի ցածր պարունակությամբ, որոշ հատվածներում գրունտային ջրերի բարձրացման հետևանքով առաջացել են աղուտներ, շատ են նաև քարքարոտ տարածքները «ղռերը»։ Մինչև 1800մ բարձրությունները տարածվում են չոր լեռնատափաստանային լանդշաֆտները՝ բնորոշ տաք, չոր կլիմայով։ Համյանքի ավելի բարձրադիր գոտիներում տարածվում են սևահողային, ենթալպյան, ալպյան, իսկ բարձր լեռնային մասերում՝ ձյունամերձ լանդշաֆտները։ Համայնքում գերակշռում է գյուղական բնակչությունը, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և հողագործությամբ։ Ցածրադիր տաք գոտիներում զբաղվում են խաղողագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ։
Օգտակար հանածոներ 🪨
Համայնքի տարածքում առկա օգտակար հանածոները հիմնականում կապված են Արագածի հրաբխային գործունեության հետ։ Համայնքի գրեթե ողջ տարածքում կան տարբեր գունավորման և կառուցվածքային տուֆի պաշարներ սկսած մոխրագույն և մանուշակագույն-վարդագույն, կարմիր-դարչնագույն երանգներ։ Շատ է հրաբխային շլաքը և խարամի պաշարները։ Որոշ տարածքներում կան ասբեստի, պեռլիտի, օբսիդիանի (վանակատ) պաշարներ։ Համայնքի բարձր լեռնային հատվածն ունի բավականին բարձրորակ սառնորակ աղբյուրներ, որոնց ջրով էլ հիմնականում սնվում են բնակավայրերը։
Բնակչության կազմը 👨👩👧👦
Առաջին ներգաղթյալները եկել են Ալաշկերտից, Մուշից, Կարսից, Բուլանուղից, Դութաղից և հաստատվել Թալինի տարածաշրջանում սկսած 19-րդ 30-ական թվականներից։ Համայնքի բնակչության մեծ մասը Եղեռնից փրկված սասունցիների և մշեցիների ժառանգներն են։
Սնունդ, խմիչք և ըմպելիքներ
Սասունից և Մուշից գաղթած բնակչությունն իր հետ բերել և այժմ շատ բնակավայրերում պահպանվել է ագային մի շարք ուտեստների պատրաստման եղանակը։ Տարածված և ընդունված է ղավուրման (հորթի և ճարպոտ ոչխարի միս) խորվուն (գառան կամ ուլի ամբողջական միս ՝ թոնրում խորովված) չորթանով ճաշը (չորացրած թան, բլղուր, յուղ), Սպաս (թանապուր) մածուն կամ կարագի թան, ձավար, կարագ, համեմ), քալաջոշը կամ պանրխաշը չեչիլ պանիր, լավաշ, սոխարած յուղով և եռացրած ջուր), բղլուրով շորվա (ոչխարի միս, ջուր, բղլուր), ավելուկով և սպիտակ բանջարով ճաշ, թոնրի գաթա, կլոջ, փուռնիկ, խավիծ, փոխինձով ճաշ, ճմուռ, պասուց տոլմա և այլն։
Ըմելիքներից հայտնի են տեղական մասուրով, դաղձով, անանուխով (նանա), վարդի ծաղկաթերթերով պատրաստված օշարակները, տարբեր մրգերից թորած օղիները։
Facebook
Location on Google Maps
YouTube