Թալինի Կաթողիկե եկեղեցի 7-րդ դար
Թալինի Կաթողիկե եկեղեցին կամ Թալինի Մեծ տաճարը գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսում: Եկեղեցու կառուցումը վերագրում են Կամսարականներին՝ մասնավորապես Ներսեհ Գ-ին, և թվագրում են 7-րդ դար:
Կաթողիկե անվան նշանակությունը Հայկական եկեղեցիներն ուսումնասիրելիս հանդիպում ենք բազմաթիվ «կաթողիկե» անունը կրող հոգևոր կենտրոնների: Ուշադիր լինելու դեպքում նկատում ենք, որ նմանատիպ եկեղեցիների անունները սովորաբար կրում են նաև տվյալ տեղանքի՝ գյուղի, քաղաքի, կամ շրջանի անունը: Ինչպես օրինակ՝ Թալինի Կաթողիկե եկեղեցին, Դվինի Կաթողիկե եկեղեցին, Մարմաշենի Կաթողիկե եկեղեցին, Հովհաննավանքի Կաթողիկե եկեղեցին և այլն: Բանն այն է, որ «կաթողիկե» բառը նշանակում է մայր, գլխավոր կամ տիեզերական եկեղեցի, այն հոգևոր կառույցը, որը համարվում է հայրապետի նստավայրը: Այստեղից ավելի պարզ է դառնում Կաթողիկեի երկրորդ անունը՝ Մեծ տաճար: Ստացվում է, որ ըստ էության, երբ ասում ենք, օրինակ՝ Դվինի Կաթողիկե եկեղեցի, նկատի ունենք Դվինի գլխավոր կամ ամենամեծ հոգևոր կառույցը: Այս առումով Թալինի Կաթողիկեն իրապես աչքի է ընկնում նույն ժամանակաշրջանի մյուս հոգևոր կառույցներից: Քանզի 7-րդ դարին առավելապես բնորոշ էին զուսպ, մինիմալիստական կառուղոցական լուծումներն ու ճարտարապետական հորինվածքը:
Սակայն Թալինի Կաթողիկեն, ի հակառակ ժամանակաշրջանի բնորոշ առանձնահատկություններին, համարվում է եզակի իր մեծաքանակ զարդաքանդակներով: Պատմություն Ըստ ուսումնասիրողների Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է Կամսարականների օրոք, ինչպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Կաթողիկե եկեղեցուց մի փոքր հեռու: Չնայած այս կարծիքն ունի որոշակի բաց և անհայտ կողմեր, սակայն ուսումնասիրելով Կամսարականների ազդեցությունն ու ներգործությունը պատմամշակութային կյանքին՝ կարող ենք ասել, որ նրանք իրապես մեծ ավանդ են ունեցել հայկական շինարարական և ճարտարապետական կյանքում: Չմոռանանք, որ այս տոհմն է հիմնադրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին: Որմնանկարները Եկեղեցու ներքին հարդարանքը լի է որմնանկարներով: Ըստ ներսում պահպանված եզակի արձանագրության այդ որմնանկարների պատվիրատուն եղել է Մովսես Եկեղեցապանը: Հատկապես զարդարված է ավագ խորանը, որտեղ պահպանվել են բազմաթիվ մեծ ու փոքր հատվածներ: Ավագ խորանի կիսագմբեթե հատվածում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքի ինքնատիպ տարբերակը, քանի որ Հիսուս Քրիստոսի փոխարեն պատկերված է եղել միայն նրա գահը: Կենտրոնական պատերի երկու կողմերում նկարված են եղել քառակերպեր՝ թևավոր արարծներ մարդու, առյուծի, ցլի, արծվի կերպարներով: Ավաղ դրանցից պահպանվել են միայն սպիտակ թևերը: Դեպի Ավագ խորան տանող կամարի տասը մեդալիոններում՝ շրջանակներում, սրբերի դիմապատկերներ են և հավասարաթև խաչի պատկեր: Իսկ ահա հարավային պատի վրա պահպանվել է «Մուտք Երուսաղեմ» հորինվածքը: Առհասարակ ամբողջ եկեղեցին հարուստ է հեծյլաների, մարդկային ֆիգուրաների, ճարտարապետական շինությունները պատկերող որմնանկարներով:
Ճարտարապետություն Ճարտարապետական հորինվածքով այն բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ համատեղում է՝ կառուցված սև և կարմիր սրբատաշ տուֆ քարից: Արտաքին հարդարանքը շքեղ է՝ ընդգծված գեղեցիկ զարդաքանդակներով: Հատկապես գեղատեսիլ է արևմտյան ճակատ՝ կազմված զույգ խորշերի միջև գտնվող խոյակներով, որոնք ըստ ամենայնի զարդարված են եղել արձաններով կամ թևավոր խաչերով: Եկեղեցին ունի հինգ մուտք՝ մեկն արևմուտքից և երկուական մուտքեր հյուսիսից և հարավից:
Եկեղեցու դահլիճն ընդարձակ է՝ բաժանված գմբեթավոր սյուներով: Ունի երեք խորան, որոնք արտաքուստ ունեն հնգանիստ կառուցվածք: Մեկական ավանդատներ կառուցված են ավագ խորանի երկու կողմերից՝ հյուսիսային և հարավային: Ինչպես հայկական շատ եկեղեցիների ավանդատներ, սրանք նույնպես, ծառայել են որպես գաղտնարաններ: Եկեղեցին եռանավ է: Աղոթասրահը սյուների միջոցով բաժանված է կենտրոնական՝ բարձր և լայն, և երկու կողային թաղածածկ նավերի:
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի 7-րդ դար
Ներսես Կամսարականի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսային մասում, Կաթողիկե եկեղեցուց ոչ հեռու։ Ըստ արևմտյան պատի արձանագրության կոչվում է Սուրբ Աստվածածին, և 7-րդ դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը, այդ ատճառով է, որ շատ հաճախ եկեղեցին անվանում են Կամսարական եկեղեցի։ Պատկանում է խաչաձև-գմբեթավոր փոքր կառույցների այն ենթատիպին, որի արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերը ներսից կիսաշրջանաձև են (բացառությամբ արևմտյան թևի)։ Հյուսիսային խաչաթևի արևմտյան պատին դրսից կա փոքր աբսիդ։ Գմբեթային փոխանցումն իրականացված է տրոմպների միջոցով։ Սրբատաշ, կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցու զուսպ հարդարանքից աչքի է ընկնում երկշարք, ատամնաշար քիվը։
Կառույցի թվագրման համար ելակետ է ծառայում նրա արևմտյան պատին փորագրված Հայաստանի հնագույն շինարարական արձանագրություններից մեկը այն անթվագիր է։ Հայ անվանի ակադեմիկոս Հովսեփ Օրբելին սույն արձանագրության մոտավոր ժամանակը որոշում է Ալամանի վիմագրում առկա թվագրությամբ, ըստ որի Թալինի Փոքր տաճարը կառուցվել է Հերակլ կայսեր գահակալության 27-րդ դարում, որը համապատասխանում է 636 թվականին Շիրակի և Արշարունյաց տեր Ներսեհ Երրորդի օրոք վերջինիս Օրբելին նույնացնում է Թալինի Ներսեհ Կամսարականի հետ։ Հետևապես, Փոքր տաճարը կառուցվել է 630 թվականից, 640—ական, թվականներին, մինչդեռ Աճառյանը տարանջատում է 2 Ներսեհներին` հակադարձելով Ալամանի և Թալինի համանուն իշխանները տարբեր անձիք են, որոնք գործել են տարբեր ժամանակներում։ Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադիրը 689-693 թվականների Հայոց իշխան Ներսեհ 4-րդ Կամսարականն է, ըստ այդմ էլ այն թվագրվում է 7-րդ դարի վերջին քառորդով։
Սուրբ Աստվածածինը դասվում է խաչաձեւ հատակագծով գմբեթավոր կառույցների շարքին կառուցված է կարմրավուն սրբատաշ տուֆից։ Արտաքին բոլոր խաչաթևերն ուղղանկյուն են։ Եկեղեցին բացառիկ է նրանով, որ հյուսիսային խաչաթևի արևմտյան որմում ներփորված է բաց խորան, ենթադրելի է, որ այն ծառայել է ռազմարշավի կամ մարտի մեկնող զորքին հաղորդություն տալու նպատակով։ Խորանի պատին փորագրված է Վարպետի նշան գեղագիր Մաշտոցյան Ա տառ, որը նման է Դեկորի տաճարի 5-րդ դարի արձանագրության Ա-երին, միայն այն տարբերությամբ, որ Թալինում Ա-ի փոքր տեղը թեք է, իսկ դեկորում`հորիզոնական։
Եկեղեցու արևմտյան ճակատին փորագրված է. «Ես Ներսեհ Ապոհիւպատ Պատրիկ Շիրակայ և Արշարունեաց շինեցի զեկեղեցիս յանուն սրբոյ Ածածնին ի բարեխաւսութիւն ինձ և Շուշանայ ամուսնոյ իմոյ և Հրահատայ որդւոյ մերոյ»։
Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքերը երկուսն են։ Գլխավոր մուտքն իրենից ներկայացնում է արևմտյան ճակատի վրա տեղակայված և բավականին ճոխ մշակված շքամուտք։ Մյուս մուտքը, որը կառույցի արևմտյան խաչաթեւի հարավային մասում փակված է հուշարձանի արևելյան խորանի առջևում տեղավորված է մի մեծ նախախորան, որը զգալիորեն մեծացնում է ներքին տարածությունը`շեշտելով արևելք-արևմուտք ուղղությունը։ Թեև կողային խորաններն իրենց բացարձակ չափերով հավասար են գլխավոր խորանին, սակայն գմբեթատակ տարածությունը քառակուսի չէ, այլ այն ունի որոշ ձգվածություն հյուսիս-հարավ ուղղությամբ։ Թմբուկի ուղղանկյուն հենարանի լուծումը, որպեսզի այն չկախվի խաչաթևերի անկյունների վրա նրանց տվել են անկանոն 12 նիստով բազմանիստ ձև։ Ինչ վերաբերվում է հուշարձանի հարդարանքին, ապա թե շքամուտքի ձևը, թե զարդաձևերը և քիվերը, որոնք առավելապես ինքնուրույն մշակման կնիք են կրում, լիովին հարազատ են 7-րդ դարի 1-ին կեսում ընդհանրացված ձևերին։ Սուրբ Աստվածածին եկեղեցին գործել է անգամ 18-րդ դարի կեսին, ինչը փաստում է եկեղեցու արևմտյան խաչաթեւի հյուսիսային պատի 1746 թ. մանրակիր արձանագրությունը։ Դրանից հետո բնական աղետների հետևանքով եկեղեցին բավական տուժել է։ Վերջին դարերին շրջակա միջավայրի ազդեցությունների և աղետների հետևանքով Կամսարական եկեղեցին ծանր վնասներ է կրել և 1998 թվականին վերանորոգվել է դուբայցի մի բարերարի օգնությամբ։ Դիպվածով գտել են կտուրի կղմինդրի բնօրինակը և այդպիսով հնարավոր է եղել վերակառուցել տանիքը։ Տաճարի շրջակայքը հարուստ է վաղ միջնադարյան կոթողներով, որոնցից առավել աչքի է ընկնում Գրիգոր Լուսավորչի և խոզագլուխ Տրդատ թագավորի պատկերաքանդակներով։
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի 19-րդ դար
Կառուցվել է 1866 թվականին Թալինի կենտրոնում։ Եռանավ բազիլիկատիպ եկեղեցի է, ունի փայտե տաղաձև տանիք, որը հենվում է քարե սյուների վրա։ Եկեղեցու երկու մուտքերից արևմտյանը՝ երկհարկ զանգակատան շքամուտքն է։ Արտաքին պատերին կան 7-8-րդ դդ․ խաչեր՝ բուսական, խաղողի և նռան զարդերով։ Եկեղեցու ներսի աստիճանների տակ թաղված է կլոր, մեծ սյան բեկոր՝ վրան դրոշմված 5-6-րդ դդ․ հավասարաթև խաչ։ Եկեղեցու տարածքում սկզբում եղել է մատուռ, բնակչության թվի ավելացման պատճառով, անհրաժեշտություն էր առաջացել կառուցել եկեղեցի։
1865թ-ին քահանա Տեր Սարգիսը, ով սովորել էր Դութաղի մոտ գտնվող Դերրիկ գյուղում, որը Սուրբ Դանիել վանքերի գյուղ է եղել։ Նա բնակչության հետ միասին կազմակերպել է հանգանակություն և բոլորով միասին կառուցել են եկեղեցին, բայց ցածր է եղել առանց զանգակատան։ 1888-1902թթ․ կրկին հանագանկություն է հավաքվում, որի արդյունքում վերակառուցում են եկեղեցին և ստանում ներկայիս տեսքը։ Եկեղեցու վերակառուցումից հետո, այն օծել է Խրիմյան Հայրիկը։ Եկեղեցու տարածքում եղել է քահանայի տունը՝ Տեր Եզնիկի, որտեղ գիշերել է Խրիմյան Հայրիկը և նվիրել գեղեցիկ նկար։ Այնտեղ է գիշերել նաև անգլիացի ճանապարհորդ Հենրի Լինչը և իր գրքերում ներակայացրել է Թալինը և բնակավայրերը ինչպես նաև դրանց վերաբերյալ լուսանկարներ։ 1990 թվականին եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է։
Թալինի քարավանատուն 12-13-րդ դարեր
Թալինի քարավանատուն, քարավանատուն Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Ավերակները պահպանվել են Հայաստանի Հանրապետության Թալին համայնքում, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի վրա։
Ունի քառանկյունի հատակագիծ, 73 մ երկարությամբ, 37 մ լայնությամբ։ Ըստ մասնագետների, այն կառուցվել է 12-13-րդ դարերում սև սրբատաշ քարից, և նրա հիմնադրումը վերագրվում է Զաքարյան իշխաններին։ Քարավանատունը տարանցիկ առևտրի կենտրոն էր հանդիսանում Դվինից Անի տանող ճանապարհին։ Իջևանատունը գտնվում էր նշանավոր Մետաքսի առևտրական ճանապարհի վրա։ Մետաքսի ճանապարհը ձգվում էր Չինաստանից, Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա ընկած հատվածը։ Այդ ճանապարհի մի մասն էլ անցնում էր Թալինով։
Այսօր քարավանատունը գտնվում է խիստ ավերված վիճակում, մասնագետները կարողացել են վերականգնել նրա նախնական տեսքի վերաբերյալ պատկերացումները։ Ըստ ուսումնասիրողների, Թալինի քարավանատունը ձգվել է արևելքից արևմուտք՝ կենտրոնում ունենալով փոքրիկ բուրգեր, որոնք ամրոցի տպավորություն են թողել։ Կառույցը բաղկացած է եղել երեք հիմնական հատվածներից՝ մեծ քառակուսի բակից, որը ներսից ամբողջ պարագծով շրջապատված էր կամարակապ սրահով, արևելյան կողմի եռանավ դահլիճից, արևմտյան կողմի եռանավ դահլիճից։ Հավանաբար, սկզբում կառուցվել է արևելյան կողմի դահլիճը, իսկ հետագայում ավելացվել են քառակուսի բակը և արևմտյան դահլիճը։ Սա վկայում է, որ քարավանատան ընդարձակումը կապված էր միջնադարյան առևտրի աշխուժացման հետ։ Դահլիճները ունեցել են առանձին մուտքեր, որոնք տեղակայված են եղել հարավային ճակատներում՝ ինչպես վկայում են պահպանված հիմքերը։ Իջևանատունը ներառել է բազմաթիվ սենյակներ՝ նախատեսված հյուրերի և ճանապարհորդների համար, ինչպես նաև տարածքներ բեռնատար կենդանիների և այլ կարիքների համար։ Հայ ճարտարապետության մեծագույն հետազոտողներից մեկը՝ Թորոս Թորամանյանը, այցելելով Թալինի քարավանատուն, գրել է. "Մենակ Թալինի իջևանի ծախքով կարելի էր չորս եկեղեցի կառուցել։ Իջևանը կարող էր տեղավորել 300 ուղտերով քարավաններ"։ Պահպանված արձանագրություններից հայտնի է, որ 1216 թվականին քարավանատունը նվիրաբերվել է Դաշտադեմի Սուրբ Քրիստափոր վանքին։
Թալինի Կարմիր ավետարան
Դիլոյի տան Սարգիս քահանան մի շարք հայրենակիցների հետ, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, Կարմիր ավետարանի Սուրբ գիրքը հասցրեցին Թալին բնակավայր։ Կառուցեցին Դիլոյի տունը իր մեծ հացատնով և մատուռը՝ Կարմիր ավետարանը։ Այն գրվել կարմիր գրչով, այդ պատճառով էլ կոչվում է Կարմիր ավետարան։ Ունի նաև իրեն նվիրված տոն։ Զատիկին հաջորդող երրորդ կիրակի օրը՝ Կարմիր ավետարանի տոնն է։ Այդ ժամանակ գիրքը հանվում է իր տեղից և ի ցույց է դրվում հավատացյալ ժողովրդին, օրհնվում է և մարդիկ կատարում են իրենց ուխտը։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Սարգիս քահանան հոգևոր դպրոց է բացում, որտեղ սովորում են այբուբենը և մի շարք հմտություններ։ 1894թ-ին Թալինում բացվում է առաջին ծխական դպրոցը Սարգիս քահանայի եղբոր թոռան ջանքերով՝ Տեր Եզնիկի։ 1896թ-ին Թալինում բացվում է առաջին ռուսական երկդասյա (տարական) դպրոց։ Դիլոյի ազգի համար մեծ նշանակություն է ունեցել հոգևոր դաստիարակությունը և ամեն կերպ փորձել են այն փոխանցել բնակչությանը։ Բնակչության համար մեծ դեր է ունեցել Կարմիր ավետարանը։ Կռիվ գնացող տղամարդիկ անպայման գնացել են Կարմիր ավետարան, աղոթել են և մի բուռ հող են տարել իրենց հետ ռազմաճակատ։ 2014թ-ին Կարմիր ավետարան մատուռը իր տարածքով, հացատնով, վերակառուցվել է Թալինի հավատացյալ և բնիկ ազգաբնակչության կողմից։
Թալինի Կույս Սանդուխտ մատուռ (Խաչեր)
Կույս Սանդուխտ մատուռը՝ հայ հոգևոր ժառանգության շողշողուն գոհարներից մեկը, գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի արևմտյան մասում՝ Թալին-Թաթուլ ճանապարհի ձախակողմյան հատվածում։
Մատուռի ներսում պահվում է 7-րդ դարի մի խաչքար, որի նմանակը, ասում են, աշխարհի ոչ մի սրբավայրում չի հանդիպում։ Նրա նուրբ ու խորհրդավոր փորագրությունները կարծես դարերի խոհուն հայացքն են՝ խաչված հավերժության լուսե շողերի մեջ։ Կույս Սանդուխտի մատուռը ոչ միայն հոգևոր և մշակութային սրաբավայր է, այլև հույսի և հավատի խորհրդանիշ՝ ներշնչելով հավատացյալներին և հիշեցնելով անցյալի խորհուրդը՝ ներկայի ու ապագայի լուսավորման համար։
Դաշտադեմի ամրոց (Քաղենի ամրոց)
Դաշտադեմ բնակավայրը գտնվում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա, Թալին-Արմավիր ճանապարհն անցնում է բնակավայրի տարածքով։ Հնագույն բնակավայր է, որի հարավային կողմում գտնվում է Քաղենի հին բնակատեղին, որը համաձայն՝ պատմագիտական տեղեկությունների հիմնվել է դեռ Վանի Թագավորության ժամանակներում։
Միջնաբերդ-դղյակ. ենթադրվում է, որ կառուցվել է ուրարտական շինության հիմքերի վրա՝ Կամսարական տոհմի կողմից VII դարում: Այն քառանկյուն հիմքով, միադահլիճ, աշտարակներով ամրացված եռահարկ շինություն է՝ կառուցված սրբատաշ կարմրավուն տուֆ քարից: Դահլիճը թաղածածկ է, պատերը ներսից սվաղված են եղել կրաշաղախով, հատակը՝ սալապատ: Պատուհաններ չեն եղել. լուսավորությունը ապահովվել է կտուրի երդիկների միջոցով:
Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր Շադդադյանը 1174 թվականին հիմնում է այս շինությունը։ Նրա կողմից դահլիճի կողքերն ու անկյուններն արտաքուստ ամրացվել են բազմանկյուն և շրջանաձև հիմքերով, բրգաձև աշտարակներով:
Ի տարբերություն դահլիճի երդիկավոր լուսավորությանը՝ աշտարակների ներսի սենյակները ունեցել են լուսամուտներ: Միակ մուտքը բացված է հարավարևմտյան անկյունից, որը փակվել է քարե դռնով:
Երկրորդ առանցքային սկզբնաղբյուրը 1307 թվականին հայերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Աղպուղա Զաքարյանը ազատում է Թալին գյուղը գինու հարկից։ Մեկ տասնյակից ավել վիմագրերի բեկորներ ի հայտ են եկել 2015 և 2018 թվականների պեղումնեի արդյունքում։
Երկար տարիներ հանրային լայն շրջանակներում տարածված է եղել այն տեսակետը, որ ամրոցը հիմնադրվել է ուրարտական ամրոցի տեղում, Կամսարականների օրոք։ Ամրոցի միջնադարյան դղյակի տարածքում իրականացված լայնածավալ պեղումներով որևէ փաստական տվյալ չի հայտնաբերվել՝ ամրապնդելու այդ տեսակետը
Եվս մի շփոթմունք կապված է ամրոցի շուրջ տարածվող միջնադարյան բնակատեղիի անվան հետ։ Տարածված է ամրոցն անվանել նաև Քաղենի ամրոց։ Սա հիմնված է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու հիշատակած այն իրադարձության հետ, երբ 8-րդ դարի վերջին քառորդում արաբների կողմից իրականացվում է հայերի դաժան կոտորածը, որը պատմության մեջ հայտնի է որպես "Թալինի կոտորած" "Յաւուրս սորա եղև կոտորումն Քաղինոյ և Արենոյ և գիւղաքաղաքին Թալնայ, յորում սպանան ոգիք իբրև եօթն հարիւր և գերեցան հազար երկերիւր"։ Իրադարձությանը ականատես 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը, սակայն, տվյալ իրադարձությունը նկարագրելիս Թալինի հետ միասին հիշատակում է․ "Իսկ տաճկաց զորքերը, որոնք Դվին քաղաքում էին, դուրս գալով՝ ասպատակում էին շրջակա գավառները, ավարի էին տալիս և արյուն թափում Պտղունք, Թալին, Կողբ գյուղերում և այլ բազում տեղերում սուրը գործի դնելով շատերին դիաթավալ էին թողնում"։ Դաշտադեմի ամրոցում հայտնաբերված երեք վիմագրերում, այդ թվում՝ Աղպուղա Զաքարյանի արձանագրության մեջ, ինչպես նաև Քրիստափորի եկեղեցու պատերին պահպանված արձանագրություններում, բնակատեղին կոչվում է Թալին։
Դաշտադեմի ամրոցը դեռևս 19-րդ դարից եղել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ 19-րդ դարի վերջին այն այցելել և նկարագրել են Հովհաննես Շահխաթունեանցը և ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող Սուրբ Քրիստափորի վանքը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի Թալին կատարած գիտարշավի շրջանակներում։ Դաշտադեմի դղյակում առաջին անգամ պեղումներն իրականացվել են 1989-1990 թթ․՝ հնագետ Եսայի Ասատրյանի ղեկավարությամբ։ 2000-ական թթ․ որոշակի ընդհատումներով պեղումներ են կատարվել դղյակի վերականգնողական աշխատանքների շրջանակում։ 2015 թվականից սկսած դղյակի տարածքում սիստեմատիկ պեղումներ է իրականացնում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը։
Դղյակում իրականացված պեղումների արդյունքում վավերացվել են 12-20-րդ դարերի ընդգրկող երեք մշակութային շերտեր՝ 12-14-րդ դարեր, 15-18-րդ դարեր՝ վերակառուցումների բազմաթիվ հետքերով, և 19-20-րդ դարեր։ Զաքարյան իշխանական տան գործունեության շրջանը Դաշտադեմի ողջ համալիրի պատմության ու ճարտարապետության ամենաակնառու փուլն է, երբ այն, հավանաբար, եղել է Զաքարյանների նստավայրերից մեկը Արագածոտնում։ Գտնվելով Դվին-Անի ճանապարհի վրա՝ միաժամանակ վերահսկել է այդ ճանապարհի անվտանգությունը։ Դղյակից 3 կմ հյուսիս պահպանվել է 12-րդ դարի Թալինի քարավանատան ավերակները։ Մոնղոլական արշավանքների արդյունքում, թեև Զաքարյանները թողել են տարածքը, սակայն ամրոցի պատմության հաջորդ փուլում շարունակվել է ինտենսիվ բնակեցումը։
1812 թվականին Երևանի վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանը ձեռնարկել է արտաքին մեծ պարսպի և պետական պահանջմունքների համար այլ կառույցների ու ամբարների շինարարությունը։ Ռազմական հենակետ դառնալով ռուս-պարսկական բախումների ժամանակ՝ 19-րդ դարում ամրոցն իրականացրել է դեպի Շիրակ գնացող ճանապարհի վերահսկողությունը։ 20-րդ դարի ամրոցի տեղում հաստատվել են Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնի հետևանքով գաղթյալ բնակչությունը։ Ամրոցի տարածքում բնակեցումը շարունակվել է ընդհուպ մինչև 21-րդ դարի սկիզբ։ Համալիրի տարածքը ժամանակակից տներից վերջնականապես ազատվել է 2015 թվականին, երբ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ձեռնարկել է Դաշտադեմի ամրոցի պահպանության և վերականգնման նախագիծը։
Ճարտարպետություն
Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական մի դղյակ է՝ իր պաշտպանական բոլոր կառույցներով։
Համալիրի կորիզը բազմանիստ և կիսակլոր աշտարակներով համալրված միջնաբերդն է, որի գլխավոր կառույցը ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինությունն է։ Միակ մուտքը հարավային կողմում է, որը փակվել է քարե դռնով։ Կառույցի ներսում՝ հարավարևելյան պատի կենտրոնում տեղադրված մուտքից սկսվող միջանցքը և նեղ ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի միջնաբերդի աստիճանաձև տանիք։ Տանիքի կենտրոնում՝ երկայնական ուղղությամբ երեք լուսահորեր են բացված՝ ներքին լուսավորությունն ապահովելու համար։ Թաղակապ կառույցի ներսում պահպանվել է գաղտնուղին։ Միջնաբերդի նիստավոր և պայտաձև աշտարակներում տեղակայվել են բնակելի հարկաբաժինները, որոնց մուտքերը բացվում են տանիքից, իսկ կիսակլորները ծառայել են պաշտպանական կամ օժանդակ նպատակների։
Շրջապարիսպ
Անկանոն բազմանկյուն հատակագծով շրջապարիսպը` 11 կիսակլոր աշտարակներով և 2 դարպասներով, ընդգրկում է 2500 քմ տարածք։ Աշտարակների մի մասն ունի միկողմանի կամ երկկողմանի սանդուղքներ։ Դղյակի գլխավոր կամարակապ դարպասը հարավային կողմում է։ Այն ներքուստ ունի փոքր թաղակապ սրահ։
Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Եկեղեցին 1989 թվականի պեղումներով բացվել է շրջապարսպի հյուսիսարևելյան կողմում։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։ Հարավային մուտքն արտաքին սրահաձև շքամուտք է ունեցել։
Ջրամբար և ջրատար
Միջնադարյան դղյակի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար կառուցվել է ջրամատակարարման համակարգ՝ ստորգետնյա ջրամբարներով և ջրատարով, որոնք տեղակայված են դղյակի հյուսիսարևելյան հատվածում։
Արտաքին պարիսպ
Բազմանկյուն հատակագծով պարսպապատը կառուցվել է կոպտատաշ տեղական կարծր տուֆով, մասամբ բազալտով և կավաբետոնի շաղախով։ Այն ուժեղացված է յոթ սրածայր, քառանիստ և մեկ կիսակլոր աշտարակներով։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսից է։ Արտաքին պարսպապատն ունի գաղտնի միջանցք, որը դուրս է գալիս դեպի արևմտյան կողմի ձորակը։
Սուրբ Քրիստափորի վանք
Սուրբ Քրիստափորի վանքը՝ հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում, նրանից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, պատմական Քաղենի բնակավայրի տարածքում Վանքը բաղկացած է՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որը կառուցվել է 7-րդ դարում, նրանից հյուսիս՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերից (այժմ՝ ավերակ), անմշակ քարով շարված պարսպից և 10-14-րդ դարերի խաչքարերով հարուստ գերեզմանատնից, որտեղ գտնվում է նաև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող վիշապաքար։ Սուրբ Աստվածածին եկեղեցին խաչաձև՝ եռախորան, արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերով, կենտրոնագմբեթ փոքր շինություն է, որը հիմնովին նորոգվել է 1980 թվականին։ Գմբեթատակ քառակուսուց անցումը ներսից գլանաձև (արտաքուստ ութանիստ) թմբուկի հիմքին իրականացված է առագաստներով։ Միակ մուտքը արևմուտքից է, որը մշակված է 7-րդ դարին բնորոշ զույգ կիսասյուներով։ Սրբատաշ սև տուֆից շարված պատերին կան կառուցող վարպետների նշանները։
Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի 7-րդ դար
Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Գառնահովիտ բնակավայրում։ Կառուցված է հավանաբար Ներսեհ պատրիկ Կամսարական հայոց իշխանի հովանավորությամբ, իսկ ճարտարապետը եղել է Վարդեսը, ով հավանաբար Մամիկոնյան նախարարական տանից էր։ Սուրբ Գևորգ եկեղեցին առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով։ Այն բյուզանդական ոճով կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան եկեղեցի է։ Գմբեթավոր տանիքի ոճը հազվադեպ է հանդիպում Հայաստանում, հատկապես մեծ շինություններում։ Քառակուսի հատակագծով ավանդատները գտնվում են աղոթասրահի չորս անկյուններում։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով։ Գմբեթը հենված է քառանկյուն թմբուկի վրա, որն ունի 12 փոքրիկ որմնախորշեր և լուսամուտներ։ Խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները եկեղեցու դեկորատիվ հարդարանքի մաս են կազմում Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցին իր չորս խորաններով, չորս 3/4 խորշերով ու անկյունային չորս սենյակներով ամփոփված է 19,5 մետր երկարության և 15,7 մետր լայնության հատակագծային չափեր ունեցող ուղղանկյուն ծավալի մեջ։ Արևելյան և արևմտյան նախախորանները ունեն փոքր խորություն, երեք քարորդ խորշերը՝ մեծ տրամագիծ, գմբեթատակ քառակուսին՝ զգալի չափեր։ Անկյունային սենյակները ճիշտ քառակուսիներ են և իրենց արևելյան պատի վրա չունեն խորանաձև կլորացումներ։ Հարավարևելյան սենյակի հյուսիսային պատի վրա կա քառակուսի փոքր խորության խորշ, հյուսիսարևելյան սենյակի հարավային պատի վրա նույնպիսի մի խորշ, որի հատակը, սակայն խորանում է հոծ պատի ներսում (այն եղել է գաղտնարան կամ գանձարան)։ Տաճարի մուտքերը երկուսնն են՝ արևմուտքից և հարավից։ Բոլոր խորաններն ունեն մեկական պատուհան։ Անկյունային սենյակներից արևելյան կողմիններն ունեն երկուական, արևմտյան կողմինները՝ մեկական պատուհան (արևնտյան պատի վրա)։ Պատուհանները դեպի ներս առանձնապես շատ չեն լայնանում։ Արևելյան խորանում սեղանն ունի միջին բարձրություն․ տաճարի կենտրոնական մասի սալահատակից այնտեղ են բարձրանում երեքական աստիճաններով։ Բուն խորանը առաջանալով դուրս է գալիս խորանի և նախախորանի սահմաններից, ավելի քան մեկ մետրով։ Արևելյան խորանի առջևում առկա է «դաս» կոչվող հարթակը, որը մինչև տաճարի կենտրոնը հասնող մի կիսաշրջանաձև տարածություն է, ընդհանուր հատակից բարձրացած տասը սանտիմետրի սահմաններում։ Արևելյան կողմի սենյակների ու տաճարի կենտրոնական մասին հատակներն ունեն նույն բարձրությունը, մինչ արևմտյան կողմի սենյակների հատակները վերոհիշյալներից ցածր են 50-55 սմ։ Այդ սենյակների և 3/4 խորշերի միջև առկա է քսան սանտիմետր բարձրության և լայնության միջնորմ (այդտեղ աստիճանների հետքեր չկան)։ 2023թ․ մայիսի 28-ին հայազգի բարերար Համլետ Թադեվոսյանի շնորհիվ եկեղեցում տեղադրվել է 182 մոմանոց շքեղ ջահ։ Եկեղեցու մուտքի դռները նույնպես փոխվել են։
Գառնահովիտի Սուրբ Հովհաննես եկեղեցի 10-13-րդ դդ․
Գտնվում է գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք՝ փոքրիկ ձորակի մեջ: Թաղակապ ծածկով կառույց է, տանիքը՝ երկթեք, միակ մուտքը բացվում է հարավային մասից: Ներքուստ արևելյան մասում կիսաշրջան խորան է՝ 80 սմ բարձրության բեմով, խորանի աջ և ձախ հատվածներում կան մեկական խորշեր: Կառուցված է գորշ և սրբատաշ տուֆից: Եկեղեցու արևելյան բարձրադիր գոտում կա 12-րդ դարի խաչքար: Խաչքարի դիմային մասում կենաց ծառից սկիզբ առնող հիմնախաչն է, որի խաչաթևերը ավարտվում են եռաբողբոջ տերևաքանդակներով: Գառնահովիտը հայտնի է նաև բնական և արհեստական քարանձավներով, որոնցից հայտնի է "Ծակ Քարը" որը գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում: Ըստ ավանդույթի այդ քարի միջով 7 անգամ անցողները բուժվում են բոլոր հիվանդություններից: Ըստ հետազոտողների այդ քարանձավի մեջ ճգնել են ճգնավորներ։
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի 5-րդ դար
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մաստարա բնակավայրում։ Քառախորան, գմբեթավոր եկեղեցի է, կառուցվել է 5-րդ դարում։ Պահպանվել են արձանագրություններ, որտեղ Գրիգորաս անունով վանականը նշում է, որ եկեղեցին ինքը կառուցել է 7-րդ դարում, սակայն ուսումնասիրություններից պարզվել է, որ եկեղեցին 5-րդ դարի կառույց է, բայց վերանորոգվել է 7-րդ դարում և արձանագրությունները վերաբերում են վերանորոգմանը։ Եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ։ Միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարսպով, որը վերանորոգման ժամանակ քանդել են։ Ըստ Ղազար Փարպեցու եկեղեցին օրհնել է Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը 486-498թթ։ Սուրբ Հովհաննես եկեղեցու նման եկեղեցիները կոչվում են "մաստարայատիպ"։ Մաստարայատիպ են Ոսկեպարի, Արթիկի Մեծ, Հառիճի վանքի և Կարսի Առաքելոց եկեղեցիները։
Ըստ մի ավանդազրույցի, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչն անցնելիս է լինում պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Մաստարա բնակավայրի մոտով իր մոտ եղած Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներից, որոնք բերել էր Կեսարիայից, Մաստարայի բնակիչների խնդրանքով մի մասը թողնում է գյուղում։ Բնակիչները, ստանալով սրբագույն մասունքները, եկեղեցի են կառուցում խորանի տակ` ամփոփելով դրանք։ Այստեղից էլ առաջանում է Մաստարա անունը, այսինքն սուրբ մասունքներից մի մասը։ Տարա գյուղը պատմական Հայաստանի հնագույն բնակատեղիներից է, որտեղով անցել է դեպի Անի արքունի ճանապարհը։ Այն հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Վաղ միջնադարյան այս եկեղեցին, որը կառուցվել է 4-րդ դարում, նախնական աղոթատան տեղում, այնտեղ, որտեղ ամփոփված էին Հովհաննես Մկրտչի մասունքները, ըստ այդմ էլ ստացել է Սուրբ Հովհաննես անունը։ Եկեղեցու արեւմտյան խաչաթև հարավային պատի ստորին մասում հունարեն երկտող արձանագրության պահպանված հատվածի համաձայն` սրբարանը կառուցվել է պարսից Պերոս արքայի գահակալության 20-րդ դարում 478 թվականին այն կառուցել են Գնունի նախարարները՝ Սուրբ Հովհաննեսի ճարտարապետությամբ։ Հայ իրականության մեջ հիմք է դրվել մաստարայատիպ եզրույթին։ Դրանից հետո կառուցվեցին նմանօրինակ մի շարք եկեղեցական կառույցներ Հայաստանի տարբեր հատվածներում` Արթիկում, Կարսում և այլուր։ Եկեղեցու հորինվածքը սերում է Էջմիածնի Մայր տաճարի համանման ձևերից, սակայն Մաստարաինը ունի 1 էական տարբերություն՝ աղոթասրահում բացակայում են գմբեթակիր 4 մույթերը։ Սուրբ Հովհաննեսն ունի քառախորան գմբեթավոր քառակուսի տիպի հորինվածք։ Այն տրոմբների եռաստիճան համակարգով ծածկված է ութանիստ հսկա գմբեթով, որի անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթը, ըստ հայկական պատմական ճարտարապետության ուսումնասիրության, երախտավոր Թորոս Թորամանյանի ամենահին շինվածքն է, որ մեզ է հասել անփոփոխ, դրա տրոմբները ներքուստ ստեղծում են ճառագայթաձև 12 խորհրդավոր գծերի տպավորություն, որոնք հոգևոր իմաստով խորհրդանշում են Քրիստոսի 12 առաքյալներին տաճարն ունի 2 մուտք` արևմտյան և հարավային։
Եկեղեցու ներսում ուշադրություն է գրավում արևմտյան հատվածում կառուցված փայտե պատշգամբը, որն այսօր ծառայում է երգչախմբի համար։ Ավագ խորանի 2 կողմերում առկա են ավանդատներ, որոնք ներքուստ ուղղանկյունաձև են, սակայն հյուսիսայինը, որը ծառայել է նաև որպես մկրտատուն, ունի խորանի կիսաշրջանաձև ավարտ, նրանից արևմուտք` հյուսիսային որմի մեջ, խնամքով կահավորված է մկրտության ավազանը։ Այն հավանաբար արվել է, երբ նախկին հովանական տաճարը վերածվել է ծխական եկեղեցու։ Հարավային ավանդատան ճակատակալ քարին պատկերված է քարաթև հրեշտակ քերովբե, որն Աստծու գահի պահապանն է, իսկ հյուսիսային ավանդատան նույն մասում Աստծուն փառաբանող վեցաթև հրեշտակի քերովբեի պատկերաքանդակն է, որից միայն պահպանվել է աջ հատվածը, իսկ ձախ կեսը փակվել է 7-րդ դարի վերակառուցման ժամանակ։ Եկեղեցու որմնանկարները, թվագրվում են 7-րդ դարով։
Շենիկի Սուրբ Ամենափրկիչ 5-րդ դար
Շենիկի Սուրբ Աստվածածին 7-րդ դար
Արագածոտնի մարզի Թալին քաղաքից 10 կմ հյուսիս, Արագած լեռան հարավարեւմտյան բարձունքներում լքված գյուղ է Շենիկը հնում կոչվել է Մազարջյուղ, ապա Մազարջյուղ եւ նման այլ անվանումներով Շենիկ անունն ստացել է 1935 թ.–ին Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառի Շատախ գավառակի համանուն գյուղից գաղթած հայերի կողմից 3 կողմից շրջապատված է քարքարոտ բլուրներով, իսկ մի կողմից` արգավանդ դաշտավայրով։ Այստեղ գեղատեսիլ արհեստական լճի ափին է գտնվում Սուրբ Աստվածածին խաչաձեւ հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցին հաշվի առնելով ճարտարապետական մի շարք արտահայտչամիջոցներ մասնագետները թվագրում են 5ից 6-րդ դարերով։ Այդ մասին է վկայում հնագույն թիվերի, խորանի, խոշոր պատուհանի, ինչպես նաեւ որմնասյուները պսակող զույգ շեշտված փայտաձեւ աղեղների առկայությունը։ Ճարտարապետական այս ոճը հայ իրականության մեջ առաջ է եկել մինչեւ 7-րդ դարը։ Վերը նշված պատուհանի ներքեւի մասում` պատի մեջ կա մի մեծ քար, վրան արձանագրության հետքեր, հավանաբար ասորերեն կամ արաբերեն։ Ներսի կողմից հին խորանի 2 աղեղները պահվում են խորնասյուների խոյակներով, որոնք բնորոշ են 5-րդ դարին։ Այդ ժամանակներից պահպանվել է Սուրբ Աստվածածնի արեւելյան մասը, որը պահելով վերաբնակները, մնացածը քանդել եւ գցել են նոր շինությանը։ Երբ 1903 թ.–ին նրանք վերականգնել են եկեղեցին, այն այսօր, ցավոք, նույնպես կիսավեր է։ Պատճառը, անշուշտ, Շենիկ գյուղի լքվելն է 1960 ական թվականներին, երբ տեղում ձեռնամուխ են եղել արհեստական լճակի կառուցմանը։ Եկեղեցու արեւելյան պատուհանի պսակի անկյուններում դրսից փորագրված է այդ հինավուրց կառույցի ճարտարապետի անունը` Արգամ, ըստ բիմագետ Սուրեն Սահումյանի, ակնբախ է, որ փորագրողը սկզբում մշակել է անվան 1-ին տառը, ապա նրա վրա հարմարեցրել, գցել է հաջորդ տառերի մասնիկները։ Վիմագրագետ Աշոտ Մանուչարյանի կարծիքով, եթե Արգամին ընդունենք այդ եկեղեցու ճարտարապետ, ապա նրանն էլ, կառույցն էլ պետք է թվագրենք առնվազն 6-րդ դարով` ելնելով Ա Տարառամայրի 5-րդ դարի ուրույն գրելաձեւին չհամապատասխանելուց։
Սուրբ Ստեփանոս Նախավկա մատուռ 17-րդ դար (Մաստարա)
Սուրբ Ստեփանոս Նախավկա մատուռը 17-րդ դարի նշանավոր սրբատեղի է, որը գտնվում Թալին համայնքի Մաստարա բնակավայրում։ Այն կառուցվել է բնակավայրի հյուսիսարեւմտյան բարձունքի վրա պահպանված միջնադարյան ամրոցի ավերակների վրա։ Մատուռն ունի ուխտի օր, այն նշվում է յուրաքանչյուր տարի` Զատիկի տոնից 1 շաբաթ անց։ Տոնը բնակավայրում և հարակից տարածքներում հայտնի է "Կանաչ կարմիր կիրակի" անվամբ։
Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցի 7-րդ դար
Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ բնակավայրում։ Հայկական միջնադարյան եկեղեցաշինական ճարտարապետության մեջ իրենց ուրույն հորինվածքով առանձնանում են հատկապես ութախորան եկեղեցիները, որոնցից մեկը Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցին է։
Եկեղեցու հստակ անունը մեզ հայտնի չէ, այն անվանում են Սուրբ Գևորգ, կամ Սուրբ Աստվածածին։ Այստեղ` արեւելյան խորանի 2 կողմերում, առկա են քառակուսի հատակաձևով ավանդատներ, որոնցով էլ պայմանավորված է բազմանիստ տաճարի արևելյան հատվածի արտաքին ուղղանկյուն հորինվածքը։ Իրինդի եկեղեցու կառուցման վերաբերյալ որևէ մատենագրական կամ վիմագրական հիշանակություն մեզ չի հասել։ Եկեղեցին վնասվել է տարբեր դարերում, մասնավորապես երկրաշարժերից։ Առաջին անգամ մասամբ վերանորոգվել է հուշարձանների պահպանության կողմից 1939 թվականին։ Եկեղեցու ամբողջական վերանորոգումը սկսվել է 2007 թվականից, որի հովանավորը եղել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ով ծագումով այդ բնակավայրից էր։ Եկեղեցու շինարարական աշխատանքները ներկայումս ավարտված են։
Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան եկեղեցի
Սուրբ Վարդան եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն բնակավայրում։ Եկեղեցին անվանվել է «Սուրբ Վարդան»՝ ի հիշատակ Վարդան Մամիկոնյանի։ Կառուցվել է 2018-2019 թվականների ընթացքում՝ Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի հայկական համայնքի խորհրդի անդամ, Արմավիր քաղաքի պատվավոր բարերար Ալեքսանդր Սարկիսյանի ջանքերով և միջոցներով։ Սուրբ Վարդան եկեղեցին օծվել է Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին։ Հիմնարկեքը իրականացվել է 2018 թվականի մայիսին։ Սուրբ Վարդանը Վերին Սասնաշեն բնակավայրի միակ եկեղեցին է։
Վերին Սասնաշենցիները մինչև եկեղեցու կառուցումը մկրտության, պսակի արարողության, մոմովառության կամ պատարագի համար գնացել են մոտակա բնակավայրերի կամ Թալին քաղաքի եկեղեցիներ։ Եկեղեցու կառուցման ժամանակ Ալեքսանդր Սարկիսյանի ջանքերով Մշո Սուրբ Առաքելոց վանքի ավերակներից քարեր են բերվել և տեղադրվել եկեղեցու հիմքերում և ճակատային մասում։ Սուրբ Վարդան եկեղեցու դուռը Մշո Սուրբ Առաքելոց վանքի Երևանի պատմության թանգարանում պահվող յուրօրինակ դռան կրկնօրինակն է։ Եկեղեցու օծման արարողությունը նշվել է մեծ շուքով, որին ներկա են գտնվել Ռուսաստանի հայերի միության Արմավիր մասնաճյուղի ղեկավար Գրիգորի Կարապետյանը, խորհրդի անդամներ, մարզի համայնքների ղեկավարներ, Ռուսաստանից ու Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած պատվավոր հյուրեր: Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Թադե քահանա Թախմազյանը։
Ալեքսանդր Սարկիսյանի կողմից եկեղեցու անմիջական հարևանությամբ տեղադրվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մեծ խաչ: Եկեղեցու տարածքում է գտնվում նաև Սասնա Բերդի թանգարան-թոնրատունը, որը համալրված է ավանդական Սասնա գյուղական տան բազմաթիվ նմուշներով և որտեղ կարելի է ծանոթանալ Մուշ-Սասունի կենցաղավարման ավանդույթներին։ Եկեղեցուն հարում է նաև 1901 թվականին Մշո Սուրբ Առաքելոց վանքի պարիսպների վրա թուրքական կանոնավոր զորամասերի և քրդական ավազակային հորդաների դեմ քաջաբար մարտնչած 37 հայդուկների անվանական եղևնիներով պուրակը։ Հայդուկներից մեկը Մշո դաշտի՝ Մամիկոնեից առասպելական երկրի Ալվառինջ գյուղից Վարդան Տեր-Սարգսյանն է, նույն ինքը Ալվառինջու Վարդանը։ Նա Զորավար Անդրանիկի և հայդուկապետ Գևորգ Չաուշի զինվոր լինելուց բացի Սեյդո Պողոսի ու Աստուրի ընկերն է: Ալվառինջու Վարդանը նաև Ալեքսանդր Սարկիսյանի հորեղբայրն է։ Սբ․ Վարդան եկեղեցու կառուցող Ալեքսանդր Սարկիսյանի նախնիները մշեցիներ են, որոնք գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ եկել և բնակություն են հաստատել Վերին Սասնաշենում: Ալեքսանդր Սարկիսյանը նպատակադրվել է շարունակել Մշո Սուրբ Առաքելոց վանքի տարեգրությունը, որը կառուցվել է 4-րդ դարում, Արևմտյան Հայաստանի պատմական Տարոն գավառում։
Գետափի Սուրբ Երրորդություն (Գրիգորաշեն)
Գրիգորաշեն 6 խորան եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքում՝ Ախուրյան գետի արևելյան ափին։ Այն կառուցված է դեղնավուն սրբատաշ քարից։ Այսօր, մեզ չի հասել շինարարական արձանագրություն կամ կառուցման ժամանակի մասին որևէ մատենագրական վկայություն, սակայն մասնագետները, հաշվի առնելով մի շարք ճարտարապետական առանձնահատկություններ, կառույցը թվագրում են 6-րդ դարի առաջին կեսով։ Ժամանակագրական բնութագիր պարունակող հատկանիշներից առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել քարաստիճան որմնախարիսխին, որը հանդիպում է միայն վաղ միջնադարում և մինչև 7-րդ դարը այդ հարյուրամյակում արդեն նման որմնախարիսխներ այլևս չեն հայտնաբերվել։ Գրիգորաշենը պատկանում է փոքր կենտրոնագմբեթ բազմախորան եկեղեցիների տեսակին և հայ իրականության մեջ մեզ հայտնի 13 6 խորան եկեղեցիներից միակն է, որ այսօր կանգուն է։ Այն համեմատաբար լավ է պահպանվել, եթե հաշվի առնենք կառուցման ժամանակը։ Չափերն այնքան էլ մեծ չեն` հիմքից մինչև գմբեթի գագաթ եղած բարձրությունը 12 մ է, սակայն բացառիկ է իր ճարտարապետությամբ, ունի արտաքուստ բազմանիստ 6 փայտաձեւ խորաններ, որոնց միջեւ եռանկյունաձեւ կամարակապ որմնախորշեր են։ Եկեղեցին կանգուն է, գմբեթի գագաթը և մուտքի կողային շարքը քանդված է։
ՀՀ Կառավարության 14․03․1997 թ․ N 51 որոշմամբ եկեղեցին ընդգրկված է Գետափ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցուցակում։
Զարինջայի Սուրբ Խաչ եկեղեցի (Կարմիր վանք)
Զարինջայի Սուրբ Խաչ եկեղեցի (Կարմիր վանք), 635 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Թալին համայնքի Զարինջա բնակավայրում։ Եկեղեցու գմբեթը արտաքուստ ձևավորված է ոլորուն որմնասյուներով և պայտաձև կամարներով՝ եզերված քանդակազարդ քիվով։ Եկեղեցին կանգուն է եղել ավերիչ երկրաշարժից հետո, միայն գմբեթի տարբեր մասերում որոշ նախշազարդեր են ավերվել։
Սուրբ Խաչ եկեղեցին, որը կառուցված է կարմրագույն տուֆով հաճախ կոչվում է նաև Կարմիր վանք։ Եկեղեցու վերաբերյալ առկա չէ որևէ արձանագրություն կամ հիշատակություն։ Սուրբ Խաչն իր վրա կրում է վաղ միջնադարին բնորոշ ճարտարապետական տարրեր ու հարդարանք։ Մասնագետները այն թվագրում են 7-րդ դարով, իսկ ճարտարապետ Արմեն Ղազարյանը հստակեցնում է կառուցման ժամանակը` 7-րդ դարի 30-ական թվականներ, երբ Հերակլ կայսեր վերջնական հաղթանակից հետո բյուզանդական զորքը Պարսկաստան կատարած երկու արշավանքների ժամանակ կանգ է առել Շիրակում` իր հետ ունենալով գերությունից ազատագրված Խաչը։ Ամենայն հավանականությամբ տեղական իշխանը՝ Արշարունիքի և Շիրակի տեր Ներսեհ 3-րդ Կամսարականը կայսրից խաչի մասունք է խնդրել, որի հիմքի վրա էլ կառուցել է Սուրբ Խաչ եկեղեցին։
Եկեղեցին ի սկզբանե ունեցել է 2 մուտք`արևմտյան (հիմնական մուտք) և հարավային։ Հետագայում արևմտյան մուտքը փակվել է սրբատաշ քարերի շարքերով։ եկեղեցին պսակվում է ութանիստ թմբուկով և հովարաձև ցածրագագաթ վեղարով։ Ըստ Արմեն Ղազարյանի, այն հովարաձև վեղարի հորինվածքի նախատիպն է, որը կրկնվում է Տիրոջ գերեզմանի ծածկը՝ Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում։ Նիստերը բաժանվում են միմյանցից բոլորուն ակոսներով՝ մշակված բարձր կիսասյուներով, որոնք ավարտվելով պարզ ուղղանկյուն հավաքներով, հիմք են հանդիսանում թմբուկի քիվի համար։ Ամեն մի նիստը եզրերով մշակված է տափակ և կարճ որմնասյուներով, որոնցից 7-րդ դարին բնորոշ խոյակների վրա առկա են որմնանկարներ։ Վերջիններս չունեն ճշգրիտ թվագրություն, սակայն որմնանկարչական արվեստում առավել հետաքրքրություն է ներկայացնում բոլորուն սյուների առկայությունը։
Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կարմրաշեն բնակավայրի կենտրոնական հատվածում։ Կառուցվել է 1858-1860 թթ․, գործել է մինչև 1934 թվականը։ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին համագյուղացի բարերար Ռոբերտ Լավրենտի Եղիազարյանի ֆինանսավորմամբ և ջանքերով հիմնովին վերակառուցվել և վերաբացվել է։ 19-րդ դարում կառուցված և Աստվածամոր անունը կրող այս եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, երկթեք տանիք ունեցող, եռանավ բազիլիկ եկեղեցի է: Այն կառուցված է բաց կարմրավուն տուֆով: Ավագ խորանին կից գտնվում են հարավային և հյուսիսային ավանդատները: Հյուսիսային պատի արևելյան հատվածում գտնվում է մկրտության ավազանը, իսկ տանիքի արևելյան մասում՝ ավագ խորանի վերևում, վեր է խոյանում վեցասյուն ռոտոնդա զանգակագմբեթը: Շքամուտքը տեղակայված է հարավարևմտյան հատվածում: Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ հարավային պատի արևմտյան եզրի արձանագրության, կառուցվել է Կարմրաշենի ողջ բնակչության միջոցներով՝ Մահտեսի Պողոս քահանայի նախաձեռնությամբ: Եկեղեցու արձանագրության վրա նշվում է եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը: Ըստ այդ արձանագրության՝ հիմնադրումը սկսվել է 1858 թվականի ապրիլի 1-ին, իսկ օծումը կատարվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Մարիամին նվիրված տոներից մեկի օրը՝ նոյեմբերի 21-ին: Եկեղեցու վերաօծումը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Արագածոտնի թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ:
Աշնակի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռ 5-րդ դար
Գտնվում է Աշնակ բնակավայրում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մի փոքր ուղղանկյուն կառույց է, որի տակ կա դռան տանիք: 20-րդ դարում վերականգնման աշխատանքների ընթացքում այստեղ կառուցվել է նոր փոքրիկ եկեղեցի, որը տեղակայված է երկու եկեղեցիների պատերի միջև ՝ կառուցված 10-11-րդ դարերում:
Աշնակի Սուրբ Աստվածածաին եկեղեցի 10-11-րդ դդ․
Շեկ Ավետարան մատուռ 2015թ․
Եղնիկի Սուրբ Նշան մատուռ
Ոսկեթասի Սուրբ Կարապետ մատուռ
Կառուցվել է 2022 թվականին, բարերար Հրաչիկ Օհանյանի աջակցությամբ։ Սուրբ Կարապետ մատուռի բակում է գտնվում նաև 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար և 44 օրյա Արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին նվիրված խաչքար։
Ոսկեթասի սուրբ Հարություն մատուռ
Ոսկեթասի սուրբ Հարություն մատուռը գտնվում է Ոսկեթաս բնակավայրի սկզբնամասում: Մատուռի տեղում սրբավայր է եղել՝ նախքան գյուղի ներկայիս բնակիչների այստեղ հաստատվելը: Այն սրբավայր է եղել նաև այն ժամանակներում, երբ բնակավայրի հիմնական բնակիչները քրիստոնյա ասորիներ են եղել: Հետագա տարիներին Սուրբ Հարությունը դարձել է Սասունից և Մուշից եկած վերաբնակների համար հիմնական սրբավայրերից մեկը: Սուրբ Հարություն մատուռի հիմնական զորությունը կապվում է շինության ներսում գտնվող քարի հետ: Գտնվելով ճանապարհի եզրին՝ այս վայրը այցելուների պակաս չի ունեցել: Այստեղ ուխտի են եկել և մոմավառություն կատարել հիմնականում տաղավար տոներին: Ըստ տեղական սովորույթի՝ այս քարը օգնել է բուժել առաջին հայացքից անլուծելի թվացող բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝ մաշկային հիվանդություններ, խոսելու խնդիրներ ունեցող փոքր երեխաներ, այն նաև օգնել է կանանց, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել մայրանալ:
Ողղանկյուն հորինվածքով մատուռը կառուցվել է Խորհրդային տարիներին բնակավայրի բնակիչների անմիջական ներդրումներով: Մատուռի տարածքում կան քրերի վրա դրված մի քանի խաչերի քանդակներ, որոնք հիմնականում ուխտավորներն են նվիրերաբերել, իսկ մի քանիսն էլ գտնվել են հենց մատուռի տարածքում՝ հողաշերտի տակ, ինչը վկայում է, որ այս տարածքում շատ վաղ ժամանակներից է սրբավայր եղել: Ներկայումս էլ Ոսկեթաս այցելուները Սուրբ Հարություն մատուռի կողքով անցնելիս հիմնականում մտնում են մատուռ, նրա ներսում գտնվող հրաշագործ քարի վրա մոմ վառում և ապա նոր միայն շարունակում իրենց ճանապարհը: Բոլոր այդ ուխտավորներն իրենց կյանքում անչափ մեծ ու էական են համարում Սուրբ Հարություն մատուռից ստացած օրհնությունն ու զորությունը:
Ոսկեթասի Խանեի Սարգսի Սուրբ
Ոսկեթասի Խանեի Սարգսի Սուրբը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեթաս բնակավայրում: Բնակվայրի տարծքում ներկա պահին եկեղեցի չկա, ինչի բացը լրացնում են բնակավայրի երեք նշանավոր մատուռները, որոնք բնակիչներին առավելագույնս մոտ են պահում քրիստոնեական հավատքին: Գյուղի գրեթե կենտրոնում գտնվում է Խանեի Սարգսի Սուրբը: Խանեի Սարգիսը եղել է հայ ազատագրական պայքարի ռահվիրաներից մեկը, անձնվեր ֆիդայի: 20-րդ դարի առաջին կեսին արևմտահայության բռնի տեղահանման արդյունքում վերջինս իր ընտանիքի հետ հաստատվում է Ոսկեթասում և իր տունը կառուցում է մի վայրում, որտեղ ավելի վաղ ժամանակներում սրբավայր է եղել: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` Խանեի Սարգիսն իր տանը կից մի մատուռ է կառուցում, որը տեղացիների շրջանում հայտնի է դառնում Խանեի Սարգսի Սուրբ անվանումով: Վայրը անհիշելի ժամանակներից է սրբատեղի եղել, ինչի վկայությունն է մատուռի տարածքում գտնված եղջերուի քանդակով քարը: Քարե երկրորդ քանդակն արդեն քրիստոնեական ժամանակաշրջանի արվեստի նմուշ է. արդեն հասկանալի է, որ քիրստոնեության ընդունումից հետո, վայրը շարունակել է լինել սրբատեղի: Տեղացիների վկայությամբ պատմական տարբեր ժամանակներում գյուղում ասորիները գերակշիռ մեծամասնություն են եղել, այս վայրը վերջիններիս համար նույնպես եղել սրբատեղի: Խանեի Սարգսի սուրբը համարվում է բժշկող զորություն ունեցող սրբավայր: Այստեղ գալիս են ծնունդով Ոսկեթասից, այժմ այլ վայրում ապրող նախկին համագյուղացիները: Նրանք գալիս են և" իրենց երազի նշանով, և" պարզապես հավատքի ուժով: Մի դեպք է հիշտակում Խանեի գերդաստանից Կարապետ Օհանյանը: Ըստ նրա՝ իր ընտանիքի անդամներից Սեդրակ հորեղբայրը տարիներ առաջ մարմնի ուժեղ քոր է ունեցել, որը ոչ մի կեպ չեն կարողացել բուժել: Վերջինս երազ է տեսնում, որում նրան հուշում են գնալ Խանեի Սարգսի սուրբ ջուր տանել այնտեղ, շփել մարմինը այդ ջրով: Վերջինս նախ գնում է Սառնաղբյուր գյուղ Զաղեր կոչվող վայրում բնական աղբյուրների ջրով լողանում է, հետո այդ ջրից բերում է Խանեի Սարգսի սուրբը, որով շփում է իր մարմինը և վերջնականապես բուժվում է:
Սուրբ Զորավոր եկեղեցի 19-րդ դար
Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, կառուցվել է 2012թ․
Ծաղկասարի Սուրբ Նարեկ մատուռ 2005թ․ 19-րդ դարի եկեղեցու հիմքերի վրա կառուցված
Facebook
Location on Google Maps
YouTube