Այսօր: Շաբաթ, 16 Օգոստոսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 37
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

06 հունիսի 2025 թվականի N 37

ԱՐԹԻՆԼԵՌԻ ՕԲՍԻԴԻԱՆԻ ,,ԱՊԱԳԱ,, ՏԵՂԱՆՄԱՍՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Արթինլեռի օբսիդիանի հանքավայրի ,,Ապագա,, տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության երկրորդ հանրային լսման վերաբերյալ 06.06.2025թ գ.Արագածավան Թալին համայնք Հանրային լսմանը մասնակցում էին․ Հանրային լսման պատասխանատու՝ ,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն,, ՊՈԱԿ-ի մասնագետ Սուսաննա Անտոնյանը, Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Նազարյանը, ,,ԷԼ ԷՆ ԴԻ,, ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Արտակ Անտոնյանն ու Շահեն Խաչատրյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ Գոհար Մարտիրոսյանն ու Կարեն Մարգարյանը, Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Միրզախանյանը, Թալին համայնքապետարանի բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Սոս Հարոյանը, Արագածավան բնակավայրի բնակիչներ և այլ մասնակիցներ։ ,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական մասին,, օրենքի (03․05․2024թ․ ՀՕ-150-Ն, այսուհետ՝ Օրենք) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կարգով, 2025թ․ հունիսի 6-ին, ժամը 14։30-ին, Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը հյուրընկալեց Արթինլեռի օբսիդիանի հանքավայրի ,,Ապագա,, տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության երկրորդ հանրային լսումը։ Հանրային լսումը վարեց ,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն,, ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Սուսաննա Անտոնյանը, ով հանդես եկավ բացման խոսքով՝ ներկայացնելով փորձաքննական գործընթացն ու կատարված աշխատանքները։ Սուսաննա Անտոնյանը ներկայացրեց նախատեսվող գործունեության նպատակը, շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև ՇՄԱԳ հաշվետվությամբ ներկայացված ազդեցությունների մեղմման միջոցառումները, մասնավորապես՝ մթնոլորտային օդի, հողային ռեսուրսների և այլնի վերաբերյալ։ Հաշվետվությունն Օրենքով սահմանված կարգով ներկայացվել է շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանուկներին և այլ գերատեսչություններին՝ կարծիքներ ստանալու նպատակով։ Փորձաքննության իրականացման արդյունքում հաշվետվության վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի են առնվել լրամշակումների ընթացքում, և հաշվետվությունը ներկայացվել է նախաձեռնողին՝ լրամշակված տարբերակով։ Սուսաննա Անտոնյանը ներկայացրեց, որ տարածքը գտնվում է Արագածոտնի մարզում, բնապատմական համալիր Մեծ Արտենի լեռան (2047մ) արևելյան լանջին՝ ,,Մեծ Արտենի,, էքստրուզիվ կոն երկրաբանական հուշարձանի տարածքում։ Արդյունահանման տարածքը լեռան գագաթից գտնվում ՝ մոտ 1,5 կմ հեռավորության վրա և կարող է ունենալ բացասական ազդեցություն հուշարձանի վրա։ Նշվեց նաև, որ հուշարձանը գրանցված է ՀՀ կառավարության 2008թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ, որով այն սահմանվել է որպես բնության հուշարձան՝ իր ամբողջ երկրաբանական կառուցվածքով։ Շ․Խաչատրյանը ներկաներին ներկայացրեց, որ երկրաբանական հուշարձան համարվող այսպես կոչված ,,Մեծ Արտենի էքստրուզիվ կոնը,, ոչ թե սարի կանջերին է այլ գագաթին, որը գտնվում է հայցվող տարածքից 1,5կմ հեռավորության վրա, իսկ նախատեսվող գործունեությունը չի կարող ազդել այդ մարմնի վրա։ Շ․Խաչատրյանը նշեց նաև, որ նմանատիպ պարզաբանում է տրված նաև ԵՊՀ-ի կողմից։ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը պատասխան գրությանըը կից ներկայացրել է ՇՄ նախարարության համապատասխան ստորաբաժանման պարզաբանումը, որտեղ հստակ նշված է, որ հիշատակված հուշարձանը անձնագրավորված չէ և պահպանման գոտի առանձնացված չէ։ Սուսաննա Անտոնյանը նշեց, որ ,,Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին,, օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է սպառնալ դրա պահպանությանը։ Արտակ Անտոնյանը հավելեց, որ դիել են լիազոր մարմնին, և պարզվել է, որ դեռևս հստակ չէ, թե երբ կհաստատվի տվյալ հուշարձանի անձնագիրը և կսահմնավեն դրա պահպանության գոտիները։ Ընկերության ներկայացուցիչները ներկաներին հավաստիացրին, որ եթե որոշվեն հուշարձանի սահմաններն ու հայցվող տեղամասը ներառվի դրա մեջ, ապա իրենք կհրաժարվեն ծրագրից։ Պատրաստակամություն հայտնեցին նաև իրենց մասնագիտական աջակցությունը տրամադրել այդ աշխատակիցներին։ Սուսաննա Անտոնյանը հավելեց, որ Կառավարության որոշումն արդեն իսկ ապահովում է հուշարձանի պաշտպանությունը, և արդյունահանումը կարող է ունենալ անմիջական ազդեցություն դրա վրա։ Մասնակիցների կողմից քննարկվեցին հնարավոր լուծումները, որոնք թույլ կտան հուշարձանի անձնագրավորումը կատարել սեղմ ժամկետներում և հստակեցնել դրա կարգավիճակը։ Սուսաննա Անտոնյանը նշեց մեկ այլ խնդիր, որը կապված էր Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների հետ։ Նա պարզաբանեց, որ ներկայացված բուսաբանական եզրակացությունը լիարժեք չէ, քանի որ տեղազննումն իրականացվել է միայն մեկ անգամ՝ մայիս ամսին, մինչդեռ տարածքում հանդիպող որոշ բույսերի ծաղկման շրջանը հունիսից օգոստոս ամիսներն են։ Կարմիրգրքային բուսատեսակների վերաբերյալ փորձագետի կողմից բարձրացված հարցի առնչությամբ Շ․Խաչատրյանը պարզաբանեց, որ ՇՄԱԳ հաշվետվության կազմման ընթացքում մասնագիտական խումբը օգտվել է նախ՝ մասնագիտական գրականությունից, այդ թվում՝ մոտակայքում այլ ընկերությունների կողմից կազմված և դրական եզրակացություններ ստացած ՇՄԱԳ հաշվետվություններից, որից հետո իրականացվել են դաշտային այցելություններից։ Հղում անելով վերջերս դրական եզրակացություն ստացած ՇՄԱԳ հաշվետվություններին Շ․Խաչատրյանը նշեց, որ կարմիրգրքային տեսակները գտնվում են հայցվող տեղամասից շատ հեռու, իսկ ինչ վերաբերում է բուսաբան մասնագետի տեղամաս մեկանգամյա այն էլ շատ բույսերի ոչ ծաղկման ժամանակահատվածում այցելությանը, Շ․Խաչատրյանը նշեց, որ տեսակ որոշելու համար բացի ծաղկից այլ բնութագրիչներ էլ կան, ինչը հնարավորություն է տվել մասնագետին անել եզրահանգում այն մասին, որ հայցվող տեղամասի սահմաններում կարմիրգրքային տեսակներ առկա չեն։ Անտոնյանը նշեց, որ տարածքում կկազմակերպվի ևս մեկ տեղազննում՝ իր և բուսաբանի մասնակցությամբ՝ Կարմիրգրքյան բուսատեսակների առկայությունը ճշտելու նպատակով։ Նախագծով կողմը և վարչական շրջանի աշխատակիցները նույնպես հայտնեցին իրենց մասնակցության պատրաստակամությունը։ Անտոնյանը հավելեց, որ տեղազննման օրվա վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի։ Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Միրզախանյանը նշեց, որ համայնքը կողմ է արդյունահանման աշխատանքների իրականացմանը, քանի որ ընկերության կողմից արդեն իսկ կատարվել է զգալի ներդրում, և ծրագիրը նախատեսում է ստեղծել աշխատատեղեր համայնքում, ինչը շատ կարևոր է։ Սուսաննա Անտոնյանը նշեց, որ ՇՄՆ նախարարության համար նույնպես կարևոր է համայնքների զարգացումը և ներդրումները, սակայն միևնույն ժամանակ, բարձրացված հարցերը պահանջում են իրավական հստակեցում և պետք է առաջնորդվել օրենքներով՝ հնարավորինս քիչ վնաս պատճառելով բնությանը և ապահովելով պատմաերկրաբանական հուշարձանների պաշտպանությունը։ Վարչական ղեկավարը ևս ընդգծեց, որ իրենց համար կարևոր է հանքի շահագործումը, քանի որ այն կնպաստի բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Սուսաննա Անտոնյանը եզրափակեց՝ նշելով, որ հարցերը ևս մեկ անգամ կքննարկվեն լիազոր մարմինների հետ՝ համապատասխան լուծում տալու նպատակով, որը պետք է լինի օրենքին համապատասխան։ Հանրային լսման ընթացքում այլ հարցեր չեն հնչել։ Լսումը լուսանկարվել է ,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն,, ՊՈԱԿ-ի կողմից։ ,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն,, ՊՈԱԿ-ի մասնագետ՝ Սուսաննա Անտոնյան Նախաձեռնող՝ ,,ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ,, ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝



Կից փաստաթղթեր՝
(604.93 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner