Ի Ր Ա Զ Ե Կ ՈՒ Մ
Հարգելի՛ Թալին համայնքի բնակիչներ,
Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես արդարադատության ոլորտում պետական քաղաքականության կարևոր ուղղություն և միջոցառում ամրագրվել է հաշտարարության զարգացումը։ Այս համատեքստում կատարված օրենսդրական բարեփոխումներով սահմանվել է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը։
2025 թվականի հուլիսի 1-ից օրենքի նշված փոփոխությունը մտել է ուժի մեջ։ Չափազանց կարևոր է այդ փոփոխությունների վերաբերյալ հանրության պատշաճ տեղեկացվածությունը։
Մասնավորապես, 2022 թվականին ընդունված՝ «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխություններով որոշ ընտանեկան գործեր (ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ) նախքան դատարան դիմելը ենթակա կլինեն հաշտարարության։
Փոփոխությունների արդյունքում ընտանեկան վեճերի մի ստվար զանգված՝ շուրջ 70 տոկոսը, մինչ դատարան դիմելը նախապես ենթակա է լինելու հաշտարարության միջոցով լուծման։ Այս պայմանից բացառություն են հանդիսանում այն դեպքերը, երբ առկա են ընտանեկան բռնության կամ հանցավորության հանգամանքները, որոնք սահմանված են «Հաշտարարության մասին». ՀՀ օրենքի փոփոխության 1-ին հոդվածում։
Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում։ Կողմերն ընտրում են իրենց հաշտարարին՝ ելնելով սեփական կարիքներից։ Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր ծախսերը և գաղտնիությունը։
Հաշտարարությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար։ Ստորագրվելուց և հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի վճիռը, հետևաբար եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման։
Հավելյալ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում հետաքրքրված անձինք կարող են այցելել e-mediation.am կայքէջ։
Նման աջակցությունը մեծապես կնպաստի հաշտարարության ոլորտի բարեփոխումներին և այդ բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, որոնք ազդեցություն են ունենալու անձանց՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման գործընթացի կարգավորման վրա և հանրության լայն շրջանակներին հանրամատչելի կերպով իրազեկելու հարցում։
Թալինի համայնքապետարան