Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի վարչական տարածքների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։
Քննարկվեց և կարևորվեց բնակավայրերում հավաքագրված հարկերի և տուրքերի մասին հարցերը, աղբահանության, լուսավորության, ջրի և բնակավայրերի կյանքին վերաբերող այլ կոմունալ, քաղաքաշինական, գյուղատնտեսական, սոցիալական, աշխատանքային և կենցաղային հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս պահին իրականացվող աշխատանքները, դրանց ընթացքում առաջացած խնդիրները։ Համայնքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցներ հանդես եկան հանդիպման օրակարգից բխող ելույթներով։
Բնակավայրերում աշխատանքային գործունեությունը համակարգված և արդյունավետ իրականացնելու համար համայնքի ղեկավարը տվեց հանձնարարականներ և հորդորեց վարչական ղեկավարներին՝ լինել առավել ուշադիր բնակավայրերում առկա խնդիրների նկատմամբ և անել առավելագույնը ՝դրանց շուտափույթ լուծման նպատակով։ |