Թալին համայնքում մեկնարկել է 2024 թվականի Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գործընթաց, որին կարող են մասնակցել համայնքի 16 տարին լրացած բնակիչները՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։ Մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2023թ նոյեմբերի 2-ի N 1890-Ն և համայնքի ավագանու 2024թ. փետրվարի 28-ի Ν 11-Ա որոշումներով համայնքի 2024թ-ի բյուջեում նախատեսվել է 20 000 000 համաֆինանսավորում: Թալին համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 5-ի թիվ N 371-Ա որոշմամբ ստեղծվել է Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով: Շնորհիվ այս միջոցառման՝ Թալին համայնքի բնակիչները հնարավորություն ունեն հանդես գալու իրենց առաջարկներով, ծրագրային գաղափարներով և համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրերը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքային կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքը կխթանի բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, համայնքային բյուջեի պլանավորմանն ու կառավարմանը, կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը: Առաջարկներ կարող եք ներկայացնել այս էլեկտրոնային հարթակում՝ «Ուղարկել առաջարկ» բաժնում։ Սպասում ենք ձեր ծրագրային առաջարկներին։