Համայնքի վարչական ղեկավարների հետ քննարկվեցին համայնքային նշանակության մի շարք հարցեր․
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի վարչական ղեկավարների հետ։ Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցեցին համայնքի ղեկավարի տեղակալներ Սերգե Մկրտչյանը, Գուրգեն Թադևոսյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներ և աշխատակիցներ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022թ․-ի սեպտեմբերի 13-14-ին պատերազմական գործողությունների ընթացքում անմահացած քաջերի հիշատակը։
Խորհրդակցության շրջանակներում լայն քննարկումներ ծավալվեցին հավաքագրումների՝ այդ թվում, գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ, համայնքի ղեկավարը անդրադարձավ հարկերի հավաքագրումը պատշաճ կազմակերպելու կարևորության և անհրաժեշտության հարցին։
Քննարկվեցին ներկայում ընթացող և առաջիկա սուբվենցիոն ծրագրերը, անդրադարձ կատարվեց բնակավայրերում ընթացիկ աշխատանքներին, համայնքային այցերի ընթացքում նկատված խնդիրներին։ Քննարկվեց և կարևորվեց բնակավայրերի կյանքին վերաբերող աշխատանքային, մշակութային, կոմունալ, ֆինանսական, գյուղատնտեսական և տարաբնույթ այլ հարցեր։
Ելույթներով, հայտարարություններով և աշխատանքային հարցերով հանդես եկան համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, ներկայացնելով պետական և համայնքային ծրագրեր, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։ Այս առումով առաջիկայում նախատեսված ծրագրերից է հայրենիքի նվիրյալ Միհրան Ասատրյանին նվիրված մինիֆուտբոլի մրցաշարը, որի մասին ավելի ուշ կլինեն հայտարարություններ։
Քննարկումներ եղան նաև գյուղատնտեսական պետական ծրագրերի, աշնանացանի և այլնի մասին, կարևորվեց նաև համայնքի ՀՈԱԿ-ների, մասնավորապես մանկապարտեզների հետ կապված հարցերը, որոնց շուրջ նույնպես եղան հայտարարություններ։
Խորհրդակցության ընթացքում հարց ու պատասխանի ժամանակ վարչական ղեկավարները հանդես եկան տարատեսակ հարցերով և առաջարկություններով, որոնք տեղում քննարկվեցին և պարզաբանվեցին։
Բնակավայրերում աշխատանքային գործունեությունը համակարգված և արդյունավետ իրականացնելու համար համայնքի ղեկավարը տվեց հանձնարարականներ և հորդորեց վարչական ղեկավարներին՝ լինել առավել ուշադիր բնակավայրերում առկա խնդիրների նկատմամբ և անել առավելագույնը ՝դրանց շուտափույթ լուծման նպատակով։
|