1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի, քաղաք Թալին, Խանջյան փողոց 39 հասցեին հարակից 02-003-0226-0070 կադաստրային ծածկագրով, համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող հողամասում, ճանապարհին կից, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ՝ կառուցվել են ավտոլվացման կետ, քարե պարիսպ և այլ օժանդակ շինություններ, որով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչակա վարույթ:
Վարչական վարույթի ընթացքում լսումներ չեն անցկացվել` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով սահմանված կարգավորումները:
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը`
ա.Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի 08.09.2023թ. թիվ 056/5961 զեկուցագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի, քաղաք Թալին, Խանջյան փողոց 39 հասցեին հարակից 02-003-0226-0070 կադաստրային ծածկագրով, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում, ճանապարհին կից, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության քաղաքացի Դավիթ Գևորգյանի կողմից իրականացվել են շինությունների կառուցման աշխատանքներ, մասնավորապես՝ կառուցվել են ավտոլվացման կետ, քարե պարիսպ և այլ օժանդակ շինություններ, որով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։ Ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք, վերոնշյալ կառույցներն իրականացվել են գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասում, փողոցին կից, խոչնդոտում են այլ հողատերերի տեղաշարժին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը և ենթակա չեն օրինականացման.
Քաղ. Դավիթ Գևորգյանը 08․09․2023թ․ առձեռն, պատշաճ կարգով ստացել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի Ժ/Պ Ս․Մկրտչյանի 08.09.2023թ․ թիվ 3005 ծանուցագիրը, որով առաջարկվել է վերջինիս ծանուցագիրը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ապամոնտաժել ապօրինի կառույցները, որոնք գտնվում են գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող հողամասի վրա:
բ.Վերոնշյալ ինքնակամ շինություններով փաստացի ծանրաբեռնված է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը` դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինություններից.
գ. առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացված վերոնշված հասցեի շինությունները գտնվում են գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասի վրա, ինչից բխում է, որ շինարարության իրականացումը և ներկայումս շինությունների պահպանումը կարող են վտանգ ներկայացնել անձանց կյանքին և առողջությունը, այսինքն` վարչական ակտն ընդունելու հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացմանը:
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող կառավարության որոշմամբ (այսուհետ սույն հոդվածում նաև՝ Կառավարության որոշում) սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում՝ դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները։ Կառավարության կողմից կարող է սահմանվել սույն մասով նախատեսված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) օրինականացման առանձնահատկություններ։
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։ Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։ Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ շահագրգիռ այլ անձի հայցով, որի իրավունքները օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։ Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը: Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. Որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ. Որոնք կառուցված են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նույն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ սույն կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե դրանք չեն բավարարում քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է` օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի` համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինպես նաև կանխարգելումը, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ կետի` Թալինի համայնքապետը, որպես պարտադիր լիազորություն, Կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի` եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի` լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացմանը:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ ակտով այլ բան նախատեսված չէ:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 36-րդ, 38-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման պահանջները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Չօրինականացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի, քաղաք Թալին, Խանջյան փողոց 39 հասցեին հարակից 02-003-0226-0070 կադաստրային ծածկագրով, համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող հողամասում, ճանապարհին կից առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ավտոլվացման կետը, քարե պարիսպը և այլ օժանդակ շինությունները։
2.Հանձնարարել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի օժանդակությամբ ապամոնտաժել քաղաք Թալին, Խանջյան փողոց 39 հասցեին հարակից 02-003-0226-0070 կադաստրային ծածկագրով, համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող հողամասում, ճանապարհին կից առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ավտոլվացման կետը, քարե պարիսպը և այլ օժանդակ շինությունները և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:
3.Առաջարկել ՀՀ Ոստիկանության Արագածոտն մարզային վարչության պետին Թալինի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
4.Հանձնարարել Թալինի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետկապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձելիք ինքնակամ կառույցն իրականացրած անձից:
5.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պաշտոնակատարի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: