Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 հոկտեմբերի 2024 թվականի N 12

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Պարտիզակ բնակավայրում տեղի ունեցած հանրային քննարկում

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

15.10.2024թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի

Պարտիզակ բնակավայրում տեղի ունեցած հանրային քննարկման

 

Պարտիզակ բնակավայր

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝  «Կ.Վարդանյան» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Լուկաշինի տուֆերի հանքավայրում իրականացվելիք օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ծրագրի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության քննարկում:

 

ՆԵՐԿԱ ԷԻՆ՝ Պարտիզակ բնակավայրի վարչական ղեկավար Ա. Պետրոսյանը, Թալին համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Գ. Միրզախանյանը, ծրագրի հեղինակ և կատարողներ Շ. Խաչատրյանը, Ա. Անտոնյանը, «Կ.Վարդանյան» ՍՊ Ընկերության ներկայա­ցուցիչներն ու համայնքի բնակիչներ (ներկաների ցուցակը կցված է)

 

ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ՝ բացման խոսքով հանդես եկավ Թալին համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Գ. Միրզախանյանը: Նա ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը և ներկաներին հորդորեց ցուցաբերել ակտիվություն և բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, ապա դիմեց ընկերության ներկայացուցիչներին ներկայացնելու իրականացվելիք ծրագիրը:

Ծրագիրը ներկայացնելու համար խոսքը փոխանցվեց ծրագրի համահեղինակ և կատարող  Շ. Խաչատրյանին:

Շ. Խաչատրյանը ողջունեց ներկաներին և ամփոփ ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները: Նա նշեց, որ ընկերությունը ցանկանում է բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Լուկաշինի տուֆի հանքավայրի հաստատված պաշարներից տուֆի արդյունահանման թույլտվություն ստանա: Հայցվող տեղամասը գտնվում է Պարտիզակ բնակավայրից 5-5,5կմ հեռավորության վրա Լուկաշին բնակավայրի շրջանում: Հայցվող մակերեսը կազմում է 4,9 հա: Այս մակերեսի վրա տուֆի պաշարների քանակը կազմում է 660000 մ3, որը նախատեսվում է արդյունահանել 20 տարիների ընթացքում: Տարեկան նախատեսվում է արդյունահանել 33 հազ. մ3 տուֆ:

Աշխատանքների ընթացքում գոյանալու է 20 հազ.մ3 մակաբացման ապար, որը հետագայում կօգտագործվի ռելիեֆի վերականգնման համար:

Նախագծային փաթեթը ընթացքի մեջ է, կավարտենք և մուտք կանեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, մեկ օրինակ կտրամադրվի նաև համայնքին: Եթե կլինեն դիտողություններ և առաջարկներ դրանք կներառվեն փաթեթում: Ինչը հնարավորություն կտա ունենալու բոլորիս համար ընդունելի նախագծային փաթեթ:

 

Գ. Միրզախանյանը դիմեց բնակիչներին և վարչական ղեկավարին – կա՞ն արդյոք վարելահողեր հայցվող տարածքում:

Ա. Պետրոսյանն ու բնակիչները պատասխանեցին՝ - ոչ:

Բնակիչներիը նշեցին, որ այդ շրջանում վաղուց արդյունահանում է իրականացվում, հողերն անօգտագործելի են:

Ա. Անտոնյանը նշեց, որ անցյալ դարի 70-ական թվականներից այդ տարածքներում երկրաբանական աշխատանքներ են կատարվում, շրջակայքում բացված շատ հանքեր կան ու հողերը գյուղատնտեսության համար անօգտագործելի են:

Բնակիչները մտահոգություն հայտնեցին այն մասին, որ ոչ մի ընկերություն ռելիեֆի վերականգնում չի իրականացրել, ամբողջ տարածքում առկա են փոսեր:

Շ. Խաչատրյանը նշեց, որ մտահոգությունը տեղին է, շատ կարևոր խնդիր է, նա նշեց, որ այս վիճակի պատասխանատուները նաև բնակիչներն են, որ չեն պահանջել:

Բնակիչները նշեցին, որ պահանջել են սակայն, պատասխան են ստացել, որ ընկերությունները գումար են մուծում վերականգնման համար, բայց կառավարությունը դա չի անում:

Շ. Խաչատրյանը նշեց, որ դրանք հավանաբար շատ վաղուցվա են, այժմ օրենսդրությունը շատ խստացել է: Երբ մենք փաթեթը ներկայացնենք դուք այնտեղ կտեսնեք, որ այդ գործունեության համար կոնկրետ հաշվարկներ և գումար կա նախատեսված: Եթե այդ աշխատանքները ընկերությունը չի անում ապա պետությունն է անում դրամագլխի գումարներով:

Գ.Միրզախանյանը նշեց, որ խորհրդային ժամանակներում չգիտի ինչպես է դա արվել, բայց այժմ կա օրենք, որի համաձայն ընկերությունները վճարում են դրամագլուխ: Հանքավայրը շահագործելուց հետո կուտակված գումարով կատարվում է ռեկուլտիվացում. Կա՛մ ընկերությունն է անում գումարը հետ ստանում կա՛մ կառավարությունն է անում: Մրցույթ է հայտարարվում և տենդեռ շահող ընկերությունը կատարում է ռեկուլտիվացում:

Բնակիչներից մեկը նշեց, որ այդ փոսերը միայն խորհրդային ժամանակներինը չեն, հանքերը հինգ տարի առաջ փակվել են բայց փոսերը մնացել են:

Գ. Միրզախանյանը պատասխանեց – եթե ընկերությանը տրամադրված է լիցենզիա, օրինակ՝ մինչև 30 թվականը, բայց երկու տարի չի աշխատել, օրենքը իրեն չի պարտավորեցնում, որ կատարի հարթեցում: Լիցենզիան դեռ գործում է, 1 տարի հետո կարող է նորից աշխատել: Լիցենզիայի ժամկետը երբ լրացավ, ինքը պարտավոր է դա անի:

Բնակիչները նորից անհանգստացան թե դրա պատճառով շատ արոտավայր է շարքից դուրս եկել: Խնդիրը կայանում է նաև նրանում, որ հանքերը մեկից փոխանցվել են մյուսին, գնացոը թողելա քանդած, եկողն էլ ոչինչ չի արել և այսպես շարունակ: Հիմա ո՞վ է դրա պատասխանատուն:

Բնակավայրի վարչական ղեկավար Ա. Պետրոսյանը դիմեց ներկաներին ասելով, որ այս ընկերության ներկայացուցիչները խոստանում են, որ ամեն բան կարվի: Այս պահին քննարկում ենք այս՛ ընկերության անելիքները, դրանք այս ընկերության հետ կապ չունեն, խորհրդային ժամանակների հարցեր են:

Գ. Միրզախանյան – իսկապես հարցը մտահոգիչ է: Մենք ուզում ենք մեր հնարավորությունների սահմաններում հարցին լուծում տալ: Չենք կարող ասել վաղվանից անում ենք:

Բնակիչները նշեցին, որ եթե այդ տարածքները բարեկարգվեն տարածքը կդառնա օգտագործելի և ինչ որ գործունեություն կարելի կլինի իրականացնել:

Գ. Միրզախանյանը հորդորեց բացասական էմոցիաներին տուրք չտալ և չմեղադրել ոչ մեկի: Նա դիմեց ներկաներին, -  եթե այլ հարցեր չկան ցանկանում եմ ներկայացնել համայնքի և համայնքի ղեկավարի դիրքորոշումը:

Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն՝ ովքեր ուզում են համայնքում կամ համայնքի որևէ բնակավայրում բիզնես իրականացնել, պետք է համայնքի զարգացման համար  5-7 մլն ՀՀ դրամի ներդրում անել: Սա առաջարկվում է բոլոր այն ընկերություններին ովքեր ուզում են բիզնես իրականացնել: Վարչական ղեկավարը կարող է առաջարկել ծրագիրը, համայնքի ղեկավարի և Ընկերության հետ կքննարկենք ու ընթացք կտանք: Բնակիչները պետք է զգան, որ տնտեսությունը զարգանում է, ընկերության գործունեությունից համայնքը պետք է շահի, որպիսզի մարդիկ չուզենան համայնքից հեռանան:

Ընկերությունը թող  աշխատի, շահույթ ստանա, աշխատատեղ ստեղծի: Մենք կանգնում ենք գործածարի կողքին, ինքը թող շահույթ ստանա և ներդրում անի: Բացի իր ընդերքօգտագործման պայմանագրում նախատեսված գումարից ինքը կամավոր իր բիզնեսի շահույթից գումար է ներդնում բնակավայրի շենացման համար: Սա է մեր առաջարկությունը, կարծում եմ՝ բոլորդ կողջունեք: Ընկերությանը մաղթում ենք բարի երթ:

Բնակիչները ողջունեցին ծրագիրը և հաջողություն մաղթեցին ծրագրի ընթացքին:

ՈՐՈՇԵՑԻՆ – հնարավորություն տալ «Կ. Վարդանյան»  ՍՊ ընկերությանը իրականացնելու նախատեսված ծրագիրը պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները:

 

Թալին համայնքի գյուղատնտեսության և

բնապահպանության բաժնի պետ՝                                               Գ. Միրզա­խան­յան

 

Պարտիզակ բնակավայրի վարչական ղեկավար՝                     Ա. Պետրոսյան

 «Կ. Վարդանյան» ՍՊԸ տնօրեն՝                                                   Հ․ Հովհաննիսյան

 «ԷԼ ԷՆ ԴԻ» ՍՊԸ տնօրեն՝                                                           Ա. Անտոնյան  

 Հանրային լսման արձանագրող՝                                                  Ա. Գրիգորյան



Կից փաստաթղթեր՝
(23.32 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner