Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 13
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 հոկտեմբերի 2024 թվականի N 13

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում տեղի ունեցած հանրային քննարկում

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

16.10.2024թ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի

Արագածավան բնակավայրում տեղի ունեցած հանրային քննարկման

 

Արագածավան բնակավայր

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝  «Հայր և որդի Հարությունյաններ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Արթին լեռի օբսիդիանի հանքավայրի «Ապագա» տեղամասում իրականացվելիք օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ծրագրի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության քննարկում:

 

ՆԵՐԿԱ ԷԻՆ՝ Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյանը, Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար Ա. Նազարյանը, Թալին համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Գ. Միրզախանյանը, ծրագրի հեղինակ և կատարողներ Շ. Խաչատրյանը, Ա. Անտոնյանը, «Հայր և որդի Հարությունյաններ» ՍՊ ընկերության ներկայա­ցուցիչներն ու համայնքի բնակիչներ (ներկաների ցուցակը կցված է)

 

ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ՝ բացման խոսքով հանդես եկավ Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյանը: Նա նշեց, որ «Հայր և որդի Հարությունյաններ» ՍՊ ընկերությունը դիմել է Թալին համայնքի ղեկավարին կազմակերպել հանրային քննարկում օբսիդիանի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների  ծրագրի քննարկման նպատակով:

Ծրագիրը ներկայացնելու համար խոսքը փոխանցեց «Հայր և որդի Հարությունյաններ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Շ. Խաչատրյանին:

Շ. Խաչատրյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ծրագիրը: Նա նշեց, որ ընկերություը ցանկանում է արդյունահանման աշխատանքներ սկսել Արթին լեռի օբսիդիանի հանքավայրի «Ապագա» տեղամասում, որը գտնվում է Արագածավան բնակավայրից 9-9.5 կմ հյուսիս-արևելք:  Հանքավայրի պաշարները հաստատվել են 2017թ-ին: Հայցվող տեղամասի մակերեսը կազմում է 2 հա:

Օգտակար հանածոյի պաշարները կազմում են 143700 տ, որը պետք է արդյունահանել 20 տարիների ընթացքում:

Շ. Խաչատրյանը նշեց, որ ամենակարևոր հարցը այս գործունեությունից համայնքի ակնկալիքներն են: Դա կապված է նրանից թե համայնքի և ընկերության միջև ինչպիսի պայմանավորվածություն ձեռք կբերվի: Դա պետք է տեղ գտնի ընդերքօգտագործման պայմանա­գրում: Բացի ընդերքօգտա­գործ­ման պայմանագրով ամրագրվածից համայնքի և ընկերության միջև կարող է լինել այլ պայմանավորվածույթուն հավելեց Շ. Խաչատրյանը:

Վերջինս խոսեց նաև փաթեթի վերաբերյալ, նա նշեց, որ փաթեթը ներառում է թափոնների կառավարման պլան, հանքի փակման ծրագիր, արդյունահանման նախագիծ, ֆինանսկան երաշխիքներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվե­տվություն: Վերջինն ամենակարևոր փաստաթուղթն է, որտեղ պետք է գնահատվի այս գործու­նեութ­յան բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մշակվի բացասական ազդեցությունների մեղմման միջոցառումներ:

Գ. Միրզախանյանը փորձեց ճշտել հայցվող տեղամասի տեղը, և տեղամասում կա՞ն արդյոք ջրագծեր, ենթակառուցվածքներ կամ կոմունիկացիաններ:

Շ. Խաչատրյանը նշեց, որ հայցվող տեղամասը գտնվում է Արագածավան բնակավայրից հյուսիս-արևելք 9-9,5կմ հեռավորության վրա՝ Թաթուլ բնակավայրի ուղղությամբ, որտեղ որևէ կոմունիկացիա առկա չէ:

Գ. Թադևոսյանը ցանկություն հայտնեց ներկայացնել իրավիճակը: Առաջին անգամն է, որ քննարկմանը Արագածավանում այսքան մարդ է ներկա գտնվում, շատերը տեղյակ չեն նախկինում ինչպես է արվել և հիմա ինչպես ենք մենք ծրագրում: Այն կազմակերպությունը, որը ցանկանում է ուսումնասիրության կամ արդյունահանման թույլտվություն ստանալ դիմում է համայնքապետարան մենք կազմակերպում ենք հանրային քննարկում և ընկերությունը ներկայացվում է ծրագիրը՝ ինչքան աշխատատեղեր է ստեղծելու, գործարան է կառուցելու և այլն: Դիմելով Շ. Խաչատրյանին հարցրեց՝ - Դուք ի՞նչ կասեք: Հարց բարձրացվեց նաև հումքի մշակման վերաբերյալ, թե որտեղ է նախատեսվում այն իրականացնել:

Շ. Խաչատրյան – քանի որ այս պահին մենք չունենք արդյունահանման նախագիծ աշխատատեղերի թվաքանակի վերաբերյալ հստակ թիվ չեմ կարող ասել, բայց ասեմ, որ սովորաբար հանքում աշխատատեղերի քանակը լինում է 15: Մշակման Արտադրամասի հետ կապված հարցերի պատասխանը կարող է տալ ընկերության տնօրինությունը, քանի որ ես այս փուլում հանքավայրի հետ կապված ծրագիրն եմ ներկայացնում:

Ներկաները բարձրաձայնեցին, որ ցանկալի կլինի հումքի մշակումն իրականացի տեղում:

Գ. Թադևոսյան – նախկինում չորս քննարկում էր իրականացվում, այժմ՝ երկու, մենք պետք է այս երկու քննարկումների ընթացքում հստակ հասկանանք մեր ծրագրերը: Դուք իմանաք ի՞նչ եք տանելու, մենք իմանանք ի՞նչ ենք ստանալու:

Շ. Խաչատրյան -  առաջին հերթին մոտ 15 մարդ ունենալու է աշխատանք, երկրորդ՝ ընկերությունը հողեր է վարձակալելու, վճարելու է բնօգտագործման վճար՝ մեկ տոննայի համար 25 հազ. ՀՀ դրամ, որից համայնքը նույնպես օգտվելու է: Կատարվելու են դրամագլխի վճարումներ, որն ուղղվելու է հանքի փակմանը:

Բնակիչը հարց տվեց. -  մեր համայնքի համար ի՞նչ եք մտադիր անել,

Շ. Խաչատրյան- քանի որ ես գործ ունեմ միայն նախագծային աշխատանքների հետ այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ընկերության տնօրինությունն այստեղ է, լավ կլինի այդ հարցի պատասխանը իրենք տան:

Գ. Թադևոսյան նշեց, որ համայնքն ու համայնքի ղեկավարը որդեգրել են մի քաղաքականություն, որով առաջարկվում է հանքարդյունաբերությամբ զբաղվել ցանկացող  ընկերություններին ապա համայնքի զարգացման համար պետք է կատարի որոշակի ներդրումներ:

Խոսքի իրավունք խնդրեց «Հայր և Որդի Հարությունյաններ» ՍՊ ընկերության տնօրենի լիազորված անձ Զ. Հարությունյանը:

Զ. Հարությունյան - մենք մտադրություն ունենք օբսիդիանը մշակել տեղում: Չինաստանմից ներկրելու ենք սարքավորումներ, հումքը կմշակենք տեղում և կարտահանենք:

Գ. Թադևոսյան նշեց, որ բացի սոց վճարներից, որոնք պայմանագրային  պարտավորություններ են, ընկերությունը պետք է համայնքում կատարի որևէ ծրագիր: Նա օրինակ բերեց մեկ այլ ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ, նշելով որ այդ ընկերությունը ցանկանում էր ավազի հանքավայր շահագործել, որը իրենց առաջարկով սիրով համաձայնել է վերանորոգել երաժշտական դպրոցը, որի համար անհրաժեշտ ներդրումների քանակը կազմում է 7մլն ՀՀ դրամ:

Զ. Հարությունյան - խնդիր չկա, դուք ասեք համայնքի ի՞նչ է պետք՝ մենք կանեն:

Գ. Թադևոսյան – համայնքի համար ինչ որ բան, օրինակ՝ համակարգչային կենտրոն,  մենք մոտավոր բան ենք ասում, կարող ենք գումարի չափի վերաբերյալ համաձայնության գալ, մինչև մյուս քննարկումը արդեն պատկերն ունենանք:

Զ. Հարությունյան – խնդրեմ, քննարկե՛ք առաջարկե՛ք:

Բնակիչներից մեկը նշեց, որ լավ կլիներ մանկապարտեզ կառուցել, որի համար մոտ 7 մլն ՀՀ դրամ է պետք: Դուք պատրա՞ստ եք դրան:

Զ. Հարությունյան  - Այո՛ իհարկե:

Գ. Թադևոսյան -  դուք կարող եք ձեր ուժերով դա իրականացնել, կառուցեք տվեք բնակավայրին:

Զ. Հարությունյան - հնարավոր է մենք ավելի շատ բան անենք, դա հարցի չի: Քանի որ մենք այստեղ ենք աշխատելու՝ ուզենք թե չուզենք, համայնքի հետ աշխատելու ենք:

Գ. Թադևոսյան -  հետագայում արտադրամասի համար պատրաստ ենք տարածք տրամադրել, աշխատատեղ ստեղծեք, 50-60 մարդ կաշխատի: Մենք պատրաստ ենք, դուք էլ ձեր աջակցությունը ցուցաբերեք գյուղին: Այս քննարկումը նախնական կհաստատենք, մինչև երկրորդ լսումը ամեն ինչ կհստակեցվի:՝ մենք ի՞նչ ենք ուզում, դուք ի՞նչ եք պատրաստ անելու:

Բնակավարի ղեկավարը դիմեց բնակիչներին, որ իրենց ձայնը շատ կարևոր է, եթե կան հարցեր անպայման պետք է արձագանքել:

Բնակիչները արձագանքեցին, որ ամեն ինչի հետ համաձայն են:

Ա. Նազարյանը դիմեց բնակիչներին, որ անհրաժեշտ է ակտիվ լինել, քանի որ երբեմն բնակիչները գալիս ասում են «մենք տեղյակ չենք եղել, գնացել առանց մեզ որոշումներ եք կայացրել». այսպիսի խոսակցության թեմաներ են լինում: Բոլորը պետք է իմանան, որ հանրային քննարկում է եղել ու ձեր կարծիքն էլ հաշվի ենք առել:

Բնակիչներից մեկը հարց տվեց - մանկապարտեզ կառուցելու պայմանավորվա­ծությունը գրավոր է՞ լինելու՝ թե՞ բանավոր:

Գ. Թադևոսյան - արձանագրությամ մեջ նշվում է և ձայնագրվում է:

Քննարկվեց նաև թե ներկա պահին բնակավայրի տարածքում ինչպիսի կառուցա­պատման աշխատանքներ են իրականացվում:

Գ. Միրզախանյանը դիմեց բնակիչներին. - եթե այս թեմայի հետ կապված հարցեր չկան՝ ավարտենք:

Շ. Խաչատրյան – ես մի բան եմ ուզում ավելացնել, այս պահին որոշակի բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց բայց՝ պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ հնարավոր է ընկերության լիցենզիա չտան: Սա պետք է իրականացվի լիցենզիա ստանալուց հետո: Ընդերքօգտագործման պայմանագրում մենք որոշակի պարտավորություն կներկայացնենք, բայց ինչ որ պայմանավորվեցինք պետք է լինի պայմանագրից դուրս:

Բնակիչներից մեկը նորից փորձեց ճշտել հանքավայրի տեղը:

Նրան տրվեց սպառիչ պատասխան:

Կրկին հարց հնչեց բնակչից - դուք ե՞ք վերցրել հողը, թե՞ ինչ որ մեկից ենթավարձակալությամբ վերցրել եք:

Շ. Խաչատրյան – ո՛չ, սա համայնքային հող է, 2017թ.-ին լիցենզիա է տրամադրված եղել: Պաշարներն ուսումնասիրվել ու հաստատվել են: Այժմ այս ընկերությունը ցանկանում է հանքավայրը շահագործել:

Երբ ընկերությանը կտրամադրվի արդյունահանման թույլտվություն այն ժամանակ ընկերությունը կդիմի ձեզ վարձակալության իրավունք ստանալու համար: Պետք է փոխել նաև հողի նշանակությունը: Օրինական կարգով պետք է ամեն բան անել:

Գ. Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներից և քննարկումն համարեց ավարտված:

ՈՐՈՇԵՑԻՆ – հնարավորություն տալ «Հայր և որդի Հարությունյաններ»  ՍՊ ընկերությանը իրականացնելու նախատեսված ծրագիրը պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները:

 

Թալին համայնքի ղեկավարի տեղակալ՝                                     Գ.  Թադևոսյան

 

Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար՝               Ա. Նազարյան

 

«Հայր և որդի Հարությունյաններ» ՍՊԸ ներկայացուցիչ ՝      Զ․ Հարությունյան

 

«ԷԼ ԷՆ ԴԻ» ՍՊԸ տնօրեն՝                                                           Ա. Անտոնյան  

 

 

Հանրային լսման արձանագրող՝                                                  Թ. Խաչատրյան



Կից փաստաթղթեր՝
(26.16 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner